19/04/2023 15:15
«Ցավում եմ, բայց իրենք կմնան լուսանցքում». Ալեն Սիմոնյանը կարծում է՝ ՀԱԿ-ն իր անունը հնչեցնում է, որ դուրս գա լուսանցքից (Տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անլուրջ է վերաբերվում ՀԱԿ-ի կողմից իր հրաժարականի պահանջին:
«Համարում եմ, որ լուսանցքից դուրս գալու այլ տարբերակներ կան, պետք է կրկին փորձեն», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը:
Ըստ նրա՝ ՀԱԿ-ը վաղուց կորցրել է իր քաղաքական կշիռը:
«Յուրաքանչյուր նախաձեռնություն, նույնիսկ իմ հրաժարականի հետ կապված, արդեն առիթ կարող է ստեղծել, որ ակտիվանան: Ես ուրախ եմ, որ իրենց էլ առիթ եմ տվել, որ քաղաքական ակտիվության թեմա գտնեն», - նշեց Սիմոնյանը:
Նա կարծում է, որ ՀԱԿ-ն ակտիվանալու համար կարող էր այլ հարթակ ստեղծել, օրինակ՝ Լաչինի միջանցքի հետ կապված ինչ-որ հարթակ ստեղծել՝ օգտագործելով միջազգային նախկին փորձը:
«Ցավում եմ, բայց իրենք կմնան լուսանցքում», - ընդգծեց ԱԺ նախագահը:
Նա հոգնել է իր անուն-ազգանունը շատ կարդալուց, վստահ է՝ նաև շատերը: