19/04/2023 16:15
Տավուշում եղբայրը քույրերի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել․ Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության (վարչության պետ՝ Արթուր Մկրտչյան), ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները` բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ, ոստիկանության Տավուշի բաժնի անչափահասների բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններով բացահայտել են զարհուրելի դեպք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Տավուշի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տավուշի մարզի գյուղերից մեկի 19-ամյա բնակիչ Կ.Հ.-ն այս տարվա մարտի սկզբին անառակաբարո գործողություններ է կատարել ակնհայտ 16 տարին չլրացած իր 13-ամյա քրոջ նկատմամբ: Պարզվել է նաեւ, որ ստահակը իր 20-ամյա քրոջ կամքին հակառակ, նրա կամքը անտեսելով, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նաև նրա նկատմամբ:
Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 198 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի եւ 198 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ Կ.Հ.-ն ձերբակալվել է: