20/04/2023 20:50
Որպես օրենսդիր մարմին՝ պետք է պնդեմ՝ մատաղի ավանդույթը պետք է փոխակերպվի․ Մարիա Կարապետյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «հոգատար լուծում» է գտել, որով «պետության օրենքը չպետք է բախվի ավանդույթին»։ ՔՊ-ական պատգամավորի առաջարկած լուծումը մատաղի ավանդույթը փոխակերպելն է։ Այդ մասին նա խոսել է խորհրդարանում՝ իր ելույթի ժամանակ։
«Այն պահից ի վեր, ինչ մենք ունենք մեր պետությունը, այժմ մեր իսկ պետության օրենքը երբեմն բախվում է մեր իսկ ավանդույթին, և մենք պետք է գտնենք հոգատար լուծում՝ ամեն մի նման բախման, ամեն մի նման լարումի համար։ Կոնկրետացնեմ՝ մի շատ անմեղ օրինակով․ մենք ունենք մատաղ անելու ավանդույթ և ունենք սննդային անվտանգության իրավական կառուցակարգեր։ Ստացվում է հետևյալը՝ եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, ապա օրենքը և ավանդույթը պետք է մի լուծում գտնեն միմյանց միջև և, որպես օրենսդիր մարմին, պետք է պնդեմ, որ օրենքը և իրավունքը պետք է վերջիվերջո գերակայեն, ու ավանդույթը փոխակերպվի»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը։