20/04/2023 09:44
«Ժողովուրդ». Դպրոցականների նման լուռ լսում են իրենց «ուսուցչին». ՔՊ-ում այս օրերին օդը «սառած է»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ում այս օրերին օդը «սառած է». Փաշինյանն արդեն 2 օր է՝ խորհրդարանում է: Իշխող խմբակցության պատգամավորները գերլարված են՝ հանկարծ որևէ բացթողում թույլ չտան վերադասի ներկայությամբ:
Նկատենք, որ սովորաբար ԱԺ հերթական նիստերի օրերին ՔՊ-ականների մեծ մասն ուշացումով, կարելի է ասել, ճեմելով է գալիս նիստերին։ Շատ դեպքերում գալիս, գրանցվում ու դուրս են գալիս դահլիճից և վերադառնում են միայն քվեարկությունների ժամանակ, այնինչ երեքշաբթի, չորեքշաբթի, երբ ԱԺ նիստը պետք է սկսվեր Փաշինյանի ելույթով, նիստի սկսվելուց րոպեներ առաջ արդեն ՔՊ-ականները տեղավորվել էին, կազմ-պատրաստ սպասում էին, որպեսզի դիմավորեն Փաշինյանին, իսկ նրա ելույթի ժամանակ որևէ մեկը չէր համարձակվում անգամ դուրս գալ նիստերի դահլիճից:
Դպրոցականների նման լուռ լսում էին իրենց «ուսուցչին», ջանք չէին խնայում, որպեսզի ցույց տան, թե խիստ հետաքրքրված են նրա ելույթով: Ի դեպ, այսօր ևս բարդ օր է իշխող ֆրակցիայի պատգամավորների համար. Նիկոլ Փաշինյանը կրկին խորհրդարանում կլինի կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2022թ.-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի մասով ամփոփոիչ ելույթ ունենալու համար, այդ պատճառով էլ կառավարության նիստը մեկ օրով հետաձգվել է»։