20/04/2023 18:32
Նիկոլ Փաշինյանը ոչ թե վարչապետ է, այլ պարոն ստախոս․ Թագուհի Թովմասյան
Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ ամեն անգամ ամբիոնի մոտ ստելուց հետո պետք է պատասխանատվության ենթարկվի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հավելելով՝ խորհրդարանի նիստերի դահլիճում իր ելույթի շեշտադրումները հենց դրա մասին էին։ Բայց, ինչպես միշտ, ԱԺ նախագահն ու ՔՊ խմբակցության պատգամավորները անհիմն ագրեսիա ցուցաբերեցին, իսկ Ալեն Սիմոնյանի կողմից անվտանգության աշխատակիցներին ԱԺ նիստերի դահլիճ հրավիրելը իրավական խնդիր է պարունակում։
«ԱԺ նախագահը հայտարարել էր ընդմիջում, և ընդմիջման ժամին որևէ մեկը իրավունք չուներ մեզ ԱԺ դահլիճից դուրս հրավիրելու։ ԱԺ նախագահը անվտանգության աշխատակիցներին իրավունք ունի հրավիրել ԱԺ նիստերի դահլիճ, երբ անվտանգությանը որևէ բան է սպառնում, այսինքն՝ իր, վարչապետի կամ որևէ պատգամավորի անվտանգությանն ինչ-որ բան էր սպառնում ։ Ես կանգնել էի ԱԺ ամբիոնի մոտ ու որևէ մեկի անվտանգությունը դրանից չէր տուժում, բնականաբար, ԱԺ նախագահի որոշումը ծայրից ծայր ապօրինի էր, նրա անհարկի ագրեսիան անհասկանալի էր, ինչպես նաև անհասկանալի էր ՔՊ պատգամավորների վարքագիծը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Թագուհի Թովմասյանը հավելեց՝ չի փոշմանել իր քաղաքական ակցիայի համար, Նիկոլ Փաշինյանի ստերը պետք է հանրայնացվեն։
«Այս երեք օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ինչ ասես խաբեց, ինչ սուտ ասես ԱԺ ամբիոնից հնչեցրեց, պե՞տք է պատասխան տա, պե՞տք է ինչ-որ մեկը նրան ասի՝ հերիք է, դու ստում ես։ Ես հայտարարեցի, որ Սոթքում 5 օր է՝ կրակում են Վարդենիսում ապրող 800 ընտանիք սոված է, որովհետև չի կարողանում գնա հանքավայր աշխատանքի, բայց դու երկրի վարչապետ ես ու դրա մասին ոչին չես խոսում։ Այսինքն՝ 800 ընտանիքի ճակատագիրը քեզ համար ոչինչ չարժե՞, եկել ես այստեղ՝ շոու անե՞ս։ Չի կարելի այլևս հանդուրժել։ Նիկոլ Փաշինյանի ստերը պետք է ամեն օր հանրայնացնենք։ Նա ոչ թե վարչապետ է, այլ պարոն ստախոս»,- ասաց Թագուհի Թովմասյանը։