20/04/2023 18:21
Արցախն Ադրբեջանին բռնակցելու իրավունք Փաշինյանը չունի, Արցախի ինքնորոշման իրավունքին հակասող որևէ փաստաթուղթ ստորագրելու իրավասություն նրան ոչ ոք չի տվել․ Արցախի ԱԺ պատգամավոր
ՀՀ վարչապետն Արցախի հարցով լիազորված է բանակցել բացառապես մեկ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային հարթակներում առաջ տանելու ուղղությամբ։ Արցախն Ադրբեջանին բռնակցելու իրավունք Փաշինյանը չունի, Արցախի ինքնորոշման իրավունքին հակասող որևէ փաստաթուղթ ստորագրելու իրավասություն ոչ ոք նրան չի տվել, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբկացության պատգամավոր Դավիթ Գալստյանը։
«Կա ՀՀ Գերագույն խորհրդի որոշում, որի համաձայն ՀՀ իշխանությունները պարտավոր են առաջ տանել Արցախի ինքնորոշման հարցը միջազգային հարթակներում։ Փաշինյանը հիմա, փաստացի, խախտում է ՀՀ Սահմանադրությունը։ Իր արած քայլերի համար Նիկոլ Փաշինյանն ու գործընթացին մասնակից մյուս քաղաքական դեմքերը պատասխանատվություն են կրելու օրենքի ողջ խստությամբ․ ազգը չի կարող թույլ տալ, որ հակազգային փաստաթղթերը վավերացվեն»,-ասել է Գալստյանը։
Երեկ և այսօր ՀՀ ԱԺ-ում Փաշինյանի արած պնդումները, թե իբր ՀՀ-ն Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել Մադրիդյան սկզբունքներով, Արցախի Աժ պատգամավորը պարզագույն մանիպուլյացիա է համարում, որի նպատակը Ադրբեջանին հանձնված տարածքների համար մեղքն ուրիշների վրա բարդելն է։
«Եթե Մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս, ապա ինչո՞ւ Ադրբեջանը չհամաձայնեց այդ փաստաթղթին, հրաժարվեց։ Սև լիճն ու ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ՀՀ մյուս տարածքներն է՞լ էին ճանաչվել ադրբեջանական՝ այդ փաստաթղթով։ Մանիպուլյատիվ տարբեր հնարքներով նա էլի փորձում է կերակրել հանրությանը, որ իր տերերին տված խոստումը, որը բխում է Ադրբեջանի շահից, կատարի»,-նշել է Արցախի ԱԺ պատգամավորը։
Նա շեշտել է, որ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների անընդունելի լինելու մասին Արցախից բազմիցս արձագանքել են, բայց Փաշինյանը ոչ մի կերպ ականջալուր չի եղել, ուստի, Դավիթ Գալստյանի խոսքով, Արցախի իշխանությունները պարտավոր են հայտարարել, որ ՀՀ գործող վարչապետին թույլ չեն տալիս անել քայլեր, որոնք վնասում են Արցախի ինքնորոշմանը։