20/04/2023 22:37
Մեր հայրերը չեն մտածել մեկ կամ երկու տարվա, միայն այսօրվա կամ երեկվա լուծումների մասին․ Մտածել են 200, 300 տարվա տեսիլքով, ստեղծել են արժեքներ, որոնք հարյուրավոր տարիներ ծառայել են
Հատված Կրկնազատիկին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի քարոզից․
«Գաղտնիքը հոգևոր հիմքն է
Ինչպե՞ս է մտածել և մտածում եկեղեցին։
Երբ հետհայացք ենք նետում մեր պատմությանը, տեսնում ենք, որ մեր հայրերը չեն մտածել մեկ կամ երկու տարվա մասին։ Որքան էլ որ դժվար են եղել իրենց կյանքի պայմանները, մտածել են 200, 300 տարվա տեսիլքով, ստեղծել են արժեքներ, որոնք հարյուրավոր տարիներ ծառայել են։ Միայն այսօրվա կամ երեկվա լուծումների մասին չեն մտածել։
Այսօր տարբեր կազմակերպություններ 3 տարվա կամ 5 տարվա ծրագիր են անում, ուրախանում են՝ 3 տարվա պլանավորում արեցինք։ Բայց այն մարդիկ հարյուրավոր տարիների համար են արել, անբեկանելի մնացած արժեքների մասին են խոսել։ Ինչպե՞ս։ Չէ՞ որ նրանք էլ մեզ նման միս ու արյուն ունեցող մարդիկ են եղել՝ մեր հնարավորություններից շատ ավելի տկար հնարավորություններով։
Ինչպե՞ս են արել։ Մտածողության, ապրումների, զգացումների, խորհրդածության, խոսակցության և գործողությունների հիմքը հոգևոր հիմքն է եկել, Աստված է եղել հիմքը՝ անբեկանելի և անփոփոխելի։ Երբ այդ անփոփոխությունը քո մտքի, կյանքի, գործի հիմքում է, միգուցե մեթոդները, կերպերը, գործելու ձևերը, եղանակները փոխվեն, բայց հիմքը չի փոխվի։ Այդ հիմքն է, որ միշտ աճեցնում է, վերականգնում ու ապաքինում է, զորացնում է, քեզ մտածել է տալիս հարյուրավոր տարիների մասին։
Այդպես է մեր կյանքը կառուցված եղել։ Այդ հիմքի խախտումն է բոլոր տեսակի ներդաշնակությունները, մտածումները, ապրումները, գործողությունները խախտում, դառնում է քմահաճույքի գործողություն, այս վայրկյանի ցանկությունների գործողություն, վախից բխած գործողություն, ստից բխած գործողություն, ճշմարտության հետ ոչ մի աղերս չի ունենում դա։ Այն ճշմարտության, որն ազատում է քեզ։ Ազատության մեջ հոգին անփոփոխ է։ Սուտն է անընդհատ փոխվում․ առավոտյան մի բան, կեսօրին՝ այլ բան, գիշերը՝ մեկ այլ բան։
Ճշմարտությունը չի փոխվում, ազատում է մարդուն․ ցավից է ազատում, ուրախություն է փոխանցում, անձնական զգացումներն է թեթևացնում, հոգնությունից է ազատում, որովհետև քեզանից հսկայական բեռ է մի կողմ դնում՝ անկախ նրանից, թե քեզ ինչ կպատահի»։