20/04/2023 17:56
Լիտվան առաջարկել է «Ռոսատոմ»-ի նկատմամբ «փուլային» պատժամիջոցներ սահմանել
Լիտվան առաջարկել է «Ռոսատոմ»-ի նկատմամբ փուլային տարբերակով պատժամիջոցներ կիրառել, դրանք բաժանել 7 մասի և յուրաքանչյուր պատժամիջոցն առանձին քննարկել՝ ձևավորելու համար կոմպրոմիս ԵՄ այն երկրների հետ, որոնք դեմ են «Ռոսատոմ»-ի նկատմամբ միանգամից ու ամբողջությամբ պատժամիջոցներ կիրառելուն։ Այդպիսի առաջարկով հանդես է եկել Լիտվայի ԱԳ նախարար Գաբիելիուս Լանդսբերգիսը։
«Նախկինում մենք առաջարկում էինք «Ռոսատոմին» ամբողջությամբ ներառել պատժամիջոցների ցանկում՝ որպես ձեռնարկություն, բայց աջակցություն չստացանք որոշ երկրների կողմից։ Այժմ մենք մեր առաջարկը դրվագների ենք բաժանել, այլ կերպ ասած, 7 մասի ենք տրոհել, այսինքն, եթե պատժամիջոցները որպես միասնական հասկացություն ենք դիտարկում, ապա հնարավոր կլինի մեկ-մեկ «պոկել» դրա մասերն ու կիրառել այնքան պատժամիջոց, որքանը հնարավոր կլինի համաձայնեցնել»,- ասել է Լիտվայի ԱԳ նախարարը՝ լրագրողներին, նրա խոսքերը մեջբերել է LRT-ն՝ լիտվական հեռուստառադիոընկերությունը։
Գաբիելիուս Լանդսբերգիսի խոսքով՝ կատարյալ տարբերակ կլիներ 7 մասերի շուրջ էլ համաձայնության հասնելը, այդ թվում՝ պատժամիջոցներ կիրառելը «Ռոսատոմի» խորհրդի անդամների նկատմամբ, սահմանափակումներ մտցնելը ԵԽ-ի ու ԵՄ-ի հետ ընկերության պայմանագրերի նկատմամբ, «բայց եթե կոնկրետ որևէ պատժամիջոցի շուրջ համաձայնության չգանք, կարող ենք ունենալ նվազագույն, կոմպրոմիսային տարբերակը։ Դա, միևնույն է, մեկ քայլ առաջ կլինի»,- ասել է նա։
Նշենք, որ ավելի վաղ Լիտվան ԵՄ-ին առաջարկել էր Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել նաև ատոմային էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ պատժամիջոցներ կիրառել «Ռոսատոմի» նկատմամբ, սակայն դրանք կիրառել երկու տարվա ընթացքում, մինչև ավարտվեին ԵՄ-ի ու ԵԽ-ի հետ կնքված պայմանագրերի ժամկետները։