20/04/2023 14:57
Փաշինյանին հայ ժողովուրդն է սխալ հասկանում, որովհետեւ նա սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը. Մոսիյան (news.am)
Նիկոլ Փաշինյանին ոչ միայն Արցախում են սխալ հասկանում, այլ նաեւ հայ ժողովուրդն է սկսել իրեն սխալ հասկանալ, որովհետեւ նա սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:
Նշենք՝ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե ԱՀ ԱԺ խմբակցությունները սովորաբար սխալ են հասկանում, չի բացառվում՝ այս անգամ էլ են իրեն սխալ հասկացել: Խոսքն այն մասին է, որ Արցախի ԱԺ 5 խմբակցություններն անընդունելի էին համարել Փաշինյանի հայտարարությունները, թե Հայաստանն ամբողջությամբ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ որ ՀՀ պաշտոնական շրջանակներում Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատում են ինքնորոշման իրավունքից:
«Բացի Արցախի Ազգային ժողովի խմբակցություններից, ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդն իրեն ճիշտ է հասկանում: Նիկոլ Փաշինյանին որեւէ բանական մարդ չի կարող մեկնաբանել, որովհետեւ նա առավոտյան մի բան է ասում, կեսօրին՝ մի բան, երեկոյան՝ այլ բան: Նա Ազգային ժողովում 3 րոպեում իրեն հակասում է», - նշել է Մոսիյանը: