20/04/2023 10:04
«Ժողովուրդ». Կառավարության գործունեության ծրագրում թյուրիմացություններ ու ուռճացված տվյալներ կան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ կառավարութան 2022 թվականի գործունեության հաշվետվությունը: Այդ նույն զեկույցում անդրադարձ կա Պարեկային ծառայությանը, սակայն առկա են ցուցանիշներ, որոնք այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում: Օրինակ՝ նշվում է, թե Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում պարեկային ոստիկանությունը սկսել է ծառայությունը: Ընթանում են Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում պարեկային ոստիկանության ներդրման նախապատրաստական աշխատանքները:
Սակայն FIP-ը փաստում է, որ իրականում, նշված 6 մարզերից Պարեկային ծառայությունը 2022 թվականին գործել է միայն Շիրակի ու Լոռու մարզերում, իսկ Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում Պարեկային ծառայությունը սկսել է գործել 2023 թվականի հունվարից: Մյուս կողմից՝ ներկայացված են հենց 2023 թվականի տվյալները: Օրինակ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հատվածի մեծ մասը վերաբերում է 2023 թվականին տեղի ունեցած գործընթացներին։ 2022 թվականի՝ կառավարության գործունեության վերաբերյալ 83-էջանոց հաշվետվության մեջ ավելի քան 90 անգամ նշվել է 2023 թվականը։
Ստացվում է, որ կառավարության գործունեության ծրագրում թյուրիմացություններ կան, և կան ուռճացված տվյալներ, որոնք չեն վերաբերում 2022 թվականի գործունեությանը»։