20/04/2023 20:35
Փարաքարում այրվել է կահույքի երեսպատման պարագաների խանութը, ջերմահարվել՝ կից կտորեղենի խանութը, ծխահարված քաղաքացուն հոսպիտալացրել են
Ապրիլի 20-ին, ժամը 14:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցի 98 հասցեում գտնվող կահույքի սրահում:
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 15:34-ին:
Այրվել է կահույքի երեսպատման պարագաների խանութը (մոտ 110 քմ), ջերմահարվել՝ կից կտորեղենի խանութի դուռը, առաստաղը (մոտ 5 քմ) և ավտոտեխսպասարկման կետի սանհանգույցի կախովի առաստաղը (մոտ 3 քմ):
Քաղաքացի Թ. Բ.-ն (ծնված 1991 թ.) ծխահարվել է. վերջինս հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։