20/04/2023 15:07
Քննչական մարմինը Մհեր Սահակյանին զրկել է ցուցմունքի լիարժեք ճշմարտացիությունն ու բարձր հավաստիությունը հիմնավորելու հնարավորությունից․ Պաշտպաններ
Մհեր Սահակյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ, և վարույթը շուտով փոխանցվելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Այդ մասին հայտարարություն են տարածել Սահակյանի պաշտպաններ Ռուբեն Հակոբյանն ու Ռուբեն Մելիքյանը։
Հայտարարությունում ասվում է․
«Միջադեպի առաջին իսկ օրից մեր դիրքորոշումն անփոփոխ է. Մհեր Սահակյանի արարքում խուլիգանության հանցակազմն ի սպառ բացակայում է, իսկ թեթև մարմնական վնասվածքը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում։
Նախաքննության որակն ընդհանուր առմամբ բավարար գնահատելով՝ մենք նաև արձանագրում ենք, որ քննչական մարմինը Մհեր Սահակյանին զրկել է իր ցուցմունքի լիարժեք ճշմարտացիությունն ու բարձր հավաստիությունը դատարանի ու հանրության առջև հիմնավորելու հնարավորությունից՝ մերժելով տուժողի ու վկաների հետ առերեսումները տեսագրելու, ինչպես նաև դեպքի վայրում ցուցմունքը պարզաբանելու («ցուցմունքի ստուգումը տեղում» քննչական գործողություն) մեր միջնորդությունները։
Որպես դրական երևույթ՝ հատուկ ընդգծում ենք նախաքննության տվյալները հրապարակելու հարցում արգելք չհարուցելու փաստը և հույս ենք հայտնում, որ հանրային բարձր հնչեղություն ունեցող գործերով քննչական մարմնի այս մոտեցումը կդառնա օրինակելի»։