21/04/2023 10:45
Եղել են երեսփոխաններ, որոնք խոսել են Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության մասին․ «Պատիվ ունեմ» խմբակցությունը տեր է կանգնելու իր առաջադրած թեկնածուին․ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե ինքը նախաձեռնել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց։
«Երեկ եղել են երեսփոխաններ, որոնք խոսել են Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության մասին։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը տեր է կանգնելու իր առաջադրած թեկնածուին»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Նա ընդգծեց նաև՝ այն ընթացքում, երբ Հայաստանը չուներ Մարդու իրավունքների պաշտպան, հենց Թովմասյանի ղեկավարած Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովն է իրականացրել շատ կարևոր աշխատանք։
«Այն ամիսների ընթացքում, երբ ՔՊ-ի թեթև ձեռամբ՝ Հայաստանի Հանրապետությունը չուներ մարդու իրավունքների պաշտպան և մինչ այդ, երբ Հայաստանի Հանրապետությունը ուներ ՔՊ-ի իրավունքների պաշտպան, այդ ժամանակահատվածում տիկին Թովմասյանն զգալի ծավալով իր ուսերի վրա է վերցրել նաև ՄԻՊ-ի գործառույթները։ Կարծում եմ, որ նմանօրինակ աշխատանքի արդյունքում ընդամենը պետք է լուռ հետևել, գոնե չխանգարել։
Միայն վերջին շրջանում մոտ 650 գրություն է ուղարկվել մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովից՝ ամենտարբեր միջազգային կազմակերպություններ ու դեսպանություններ։ Դա այն աշխատանքն է, որը պետք է աներ ՄԻՊ-ը»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։