21/04/2023 11:11
«Չարչիական դիվանագիտության» պատճառով Հայաստանը չի կարողացել պահպանել Ռուսաստանի կողմից բանակցային սեղանին բերված՝ Արցախի կարգավիճակի պահպանման և ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության առաջարկը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խմբակցության հրավիրած ասուլիսի ժամանակ հնչեցրեց այն ելույթը, որը երեկ, ԱԺ նախագահի կողմից ընդդիմադիր պատգամավորներին նիստերի դահլիճից հեռացնելու պատճառով, հնարավորություն չէր ունեցել հնչեցնել խորհրդարանի ամբիոնից։
Հայկ Մամիջանյանի ելույթի կարևոր շեշտադրումներից մեկը ՀՀ գործող իշխանությունների տապալված դիվանագիտությունն էր, որը նա որակեց «չարչիական դիվանագիտություն»։
«Ցավոք, վաճառքի են հանված մեր ազգային ու պետական շահերը, որոնց դիմաց հիմնական բանակցողը ցանկանում է ստանալ բացառապես մեկ բան՝ սեփական իշխանության պահպանման երաշխիքներ»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Անդրադառնալով Հայաստանի և նրա ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հարաբերություններին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը առանձնացրեց այն բացասական զարգացումները, որոնք տեղ են գտել ՀՀ գործող իշխանությունների վարած «դիվանագիտության» պատճառով։
«Ռուսաստանի Դաշնութունը դաշնակցային համագործակցության հռչակագիր է կնքել Ադրբեջանի հետ, որին չի հետևել որևէ արձագանք հայկական կողմից։ Անբովանդակ աշխատանքի, իսկ իրականում՝ աշխատանքի բացակայության պատճառով, աշխատանքից չի ազատվել ՌԴ-ում ՀՀ դեսպանը։
ՀՀ և ՌԴ հարաբերություններում գրանցվել է իրապես աննախադեպ իրադարձություն՝ ՌԴ պաշտոնական բողոքի նոտա է հղել ՀՀ-ին․ նոտայի առիթ է հանդիսացել հասարակական-քաղաքական մի մարգինալ միավորի տարածած հայտարարությունը, որի կշիռը բացարձակ համեմատելի չէ արձագանքի հետ, ինչից կարող ենք եզրակացնել, որ նշյալ հայտարարությունը պարզապես առիթ է եղել ռազմավարական դաշնակցի կողմից բողոքի նոտայի համար, և այս փաստը նկարագրում է ոչ թե տվյալ առանձին դեպքը, այլ ՀՀ և ՌԴ միջև հարաբերություններն այս պահին՝ ամբողջությամբ։
«Չարչիական դիվանագիտության» և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հստակ ուղենիշների բացակայության պատճառով Հայաստանը չի կարողացել պահպանել ՌԴ կողմից բանակցային սեղանին բերված՝ Արցախի ներկա կարգավիճակի պահպանման և հետագայում ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության առաջարկը։ Երկու՝ եթե ոչ իրարամերժ, ապա առնվազն սկզբունքային տարբերություն ունեցող բանակցային օրակարգերին (Ռուսաստանի և Եվրամիութան-խմբ․) միաժամանակ հավանություն տալու հետևանքով այս պահին Արցախի կարգավիճակի հարցը չկա բանակցային սեղանին»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։