21/04/2023 12:31
Հաղթանակած բանակը պարտված է ու վարկաբեկված, եկեղեցին՝ հետապնդված ու հալածված. թշնամու երազած լավագույն պայմանները ստեղծված են. Արմեն Ռուստամյան (Տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ վաղ թե ուշ բացահայտվելու է այս իշխանության իրական ծրագիրը:
«Խաղաղության գործընթացը մեզ տանելու է նոր կապիտուլյացիայի: Դեռևս պարզ չէ, թե մենք որքան պետք է զիջենք», - Ազգային ժողովում հայտարարեց Ռուստամյանը:
Ըստ նրա՝ հայ ազգին ոչնչացնել ցանկացող թշնամին անդադար խոսում է պատերազմի լեզվով, իսկ իշանությունները ժողովրդին պատրաստում են խաղաղության:
«Ամեն օր մեզ թմրեցնում են՝ քարոզելով, թե խաղաղությունն է, որ բերելու է պաշտպանվածություն ու անվտանգություն, այնինչ, հենց խաղաղությունը պաշտպանվածության կարիք ունի. անվտանգությունից է բխում խաղաղությունը, իսկ թշնամու բարեհաճությամբ ստացած կարծեցյալ անվտանգության երաշխավորը ոչ թե դու, այլ թշնամիդ է լինելու», - ընդգծեց Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ այսպես հաստատված խաղաղությունն ուրիշ անուն ունի՝ նսեմացում և ստրկություն:
«Այս կործանարար ընթացքը իշխանությունները փորձում են ներկայանցել որպես միակ ճշմարիտն ու այլընտրանք չունեցողը, գործի է դրվել ողջ պետական մեքենան», - նշեց նա:
Ռուստամյանը հայտարարեց, թե այս իշխանության օրոք հաղթանակած բանակը պարտված է ու վարկաբեկված, եկեղեցին՝ հետապնդված ու հալածված:
«Թշնամու երազած լավագույն պայմանները ստեղծված են», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Ռուստամյանն ընդգծեց՝ պետք է ձևավորել նոր կառավարություն, քանի դեռ «չենք անցել անշրջելիության բոլոր կետերը»: