21/04/2023 18:16
Արցախում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները՝ միայն առաջնահերթ և բարդացման էական ռիսկով դեպքերում
Արցախում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները՝ խուսափելու համար սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից, հայտնում են Արցախի հանրապետության Առողջապահության նախարարությունից։
«Հաշվի առնելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակված լինելու և դեղորայքի ու բժշկական պարագաների բնականոն մատակարարման խնդիրների պատճառով Արցախում պլանային բոլոր վիրահատությունները դադարեցվել էին, ինչը հանգեցրել է շուրջ 1 130 վիրահատության չեղարկման՝ շրջափակման 131 օրվա ընթացքում, Առողջապահության նախարարության ու բուժհաստատությունների ղեկավարության կողմից որոշում է կայացվել մասնակիորեն վերականգնել պլանային վիրահատությունները: Տվյալ որոշման նպատակն է խուսափել սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից, և վիրահատական միջամտության են ենթարկվելու միայն առաջնահերթ և բարդացման էական ռիսկով դեպքերը:
Պատասխանատուների կողմից լրացուցիչ ջանքեր են գործադրվել վիրահատությունների սահմանափակ քանակի համար անհրաժեշտ պարագաների որոշակի ծավալի ապահովման ուղղությամբ: Հարկ է նշել, որ Կարմի խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետություն են տեղափոխվում միայն այն բուժառուները, որոնց բժշկական օգնությունը հնարավոր չէ կազմակերպել Արցախում՝ հաշվի առնելով անհրաժեշտ բժշկական սարքավորումների և հետազոտությունների իրականացման բացակայությունը»,- նշված է Արցախի Առողջապահության նախարարության հաղորդագրությունում։