21/04/2023 14:07
«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ավելի Ալիև». Արծվիկ Մինասյանը կոչ է անում պարզել՝ թուրք-ադրբեջանական գործակալները ինչ դերակատարություն ունեն ՀՀ պետական կառավարման համակարգում
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իրավասու պատկան մարմիններին կոչ է անում իրականացնել պատշաճ քննություն՝ պարզելու համար, թե թուրք-ադրբեջանական գործակալները կամ առերևույթ այդպիսի անձինք ինչ դերակատարություն ունեն ՀՀ պետական կառավարման համակարգում:
Մինասյանի գնահատմամբ՝ կառավարության 2022 թվականի կատարողականում Հայաստանը հրաժարվել է Ացախի անվտանգության երաշխավորը լինելու հանձնառությունից:
«Փաստացի, նաև մերժվում է ինքնորոշման իրավունքը: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը սևով սպիտակի վրա գրված Մադրիդյան սկզբունքները նման կերպ խեղաթյուրում, այն դեպքում, երբ անգամ Իլհամ Ալիևն է հրապարակային հայտարարում, որ Մադրիդյան սկզբունքներով փակ դռների հետևում իրեն պարտադրում էին, որ ճանաչի ԼՂ անկախությունը», - Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Մինասյանը:
«Ինչո՞ւ է, ուրեմն, Նիկոլ Փաշինյանն ավելի Ալիև. պատասխանը մեկն է՝ այս ձախողված քաղաքականության մեջ փորձ է արվում գտնել հնարավոր մեղավորներին: Խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ՝ պետք չի դա անել», - նշեց նա:
Մինասյանը շեշտեց՝ Արցախյան կոնֆլիկտը լուծված չէ ու սա պետք է լինի Հայաստանի պաշտոնական տեսակետը:
«Գործող քաղաքական ուժը չի ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը Արցախում ու Հայաստանում, ձախողել է պետական կառավարման ողջ համակարգը, զավթված են պետական ինստիտուտները», - հավելեց Մինասյանը: