21/04/2023 10:27
Նիկոլ Փաշինյանի ամեն սուտն ստանալու է համարժեք պատասխան․ Թագուհի Թովմասյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հրատապ ասուլիս է հրավիրել՝ անդրադառնալու խորհրդարանում երեկ տեղի ունեցած միջադեպին ու ներկայացնելու իրենց հետագա քայլերը։
Խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանում իր քաղաքական ակցիային ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքը խայտառակ որակեց։ Հիշեցնենք՝ Սիմոնյանը Թովմասյանի ելույթի ժամանակ անվտանգության աշխատակիցներին կանչեց ԱԺ նիստերի դահլիճ, որտեղ էլ քաշքշոց սկսվեց։
«Ես ուզում եմ հայտարարել, որ մեզ դահլիճից դուրս հրավիրելու՝ ԱԺ նախագահի հրամանը միանգամայն ապօրինի էր, երկրորդը՝ ԱԺ նախագահի հրամանը կատարողներն իրավունք չունեին որևէ կերպ խոչընդոտելու պատգամավորի աշխատանքին, որովհետև ԱԺ շենքի անվտանգության կանոնների պահպանման բոլոր կետերով նախատեսված է, որ նրանք պետք է չեզոքացնեն վտանգը, իսկ իմ ակցիան, որին հետո միացան իմ գործընկերները, որևէ մեկի անվտանգությանը չէր սպառնում։ Մենք բախվել ենք շատ կոշտ ապօրինության, և այդ ապօրինությունը պետք է ունենա հետևանքներ»,- այս առնչությամբ ասաց Թագուհի Թովմասյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ քայլեր է ձեռնարկում, որով ակնկալում է, որ ապօրինություն կատարածները պատասխանատվության ենթարկվեն։
«Հիմա աշխատում եմ դիմումի տեքստի վրա, այն ուղարկելու եմ բոլոր ուժային կառույցներին՝ պահանջով, որ քրեական պատասխաատվություն կրեն բոլոր այն մարդիկ, ովքեր թույլ են տվել ապօրինություններ։ Մենք չենք կարող պարզապես հանդուրժել, որ ՔՊ խմբակցությունը, որն ԱԺ փորձում է դարձնել իրենց սեփական օբյեկտը, անընդհատ անի այն, ինչ ցանկանում է։ Չի լինելու այդպես»,- ասաց Թագուհի Թովմասյանը։
Նա նաև հայտարարեց՝ այսուհետև Նիկոլ Փաշինյանի ցանկացած սուտ արժանանալու է համարժեք արձագանքի։
«Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի ԱԺ ամբիոնից սուտ խոսել, ամեն անգամ սուտն ստանալու է համարժեք պատասխան։ Մենք այլևս չենք թողնելու՝ նա ստեր հնչեցնի ամբիոնից։ Եթե նրանք չեն հարգում ԱԺ ամբիոնը, մենք այդ ամբիոնի արժեքը լավ էլ գիտենք, հասկանում ենք խոսքի արժեքը և թույլ չենք տալու, որ վարչապետ կոչվածը գա և սկսի ստել»,- ասաց Թովմասյանը։