21/04/2023 20:28
Անթույլատրելի է այս իշխանության հետ աշխատանքային օրակարգ ունենալը. ընդդիմադիրները դրա համար չէին գնացել խորհրդարան. Էդգար Ղազարյան (Տեսանյութ)
Խորհրդարանական ընդդիմության գործունեությունը չեմ փորձի համեմատել իմ՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստի մի քանի ժամվա աշխատանքի հետ, բայց կասեմ, որ մի քանի ժամվա աշխատանքով հնարավոր եղավ ցույց տալ՝ ինչեր կարելի էր անել մի քանի տարում՝ առավել ևս պատգամավորի կարգավիճակում, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը։
«Անթույլատրելի է այս իշխանության հետ աշխատանքային օրակարգ ունենալը, ցավոք, ընդդիմադիր երկու խմբակցությունները, կարծեք, այնքան էլ համակարծիք չեն։ Կարևոր է հիշեցնել՝ ընդդիմադիր խմբակցությունները խորհրդարան գնում էին ոչ թե իշխանության հետ գործակցելու համար, այլ ինչպես նախանշել էին՝ փողոցային պայքարի բաղադրիչը համադրելու խորհրդարանական լիազորություններին, որպեսզի ստացվի երկու ճակատով կռիվ՝ պաշտոնական լիազորություններից բխող գործողություններով և փողոցային պայքարով։ Ցավալիորեն, ոչ մեկն է տեղի ունենում, ոչ մյուսը», - ասել է նա։
Էդգար Ղազարյանի գնահատմամբ, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստին իր մասնակցությամբ ապացուցվեց, «որ ՔՊ-ն խոցելի է բոլոր առումներով՝ ոչ թե խմբակցություն է, այլ խուլիգանական հանցավոր խումբ, որի դեմքը պատռելու համար ընդամենը պետք է մեկ-երկու ժամ հետևողական աշխատանք»։
«Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստին ընդդիմության բացակայությունը սուր չէր ընկալվի, եթե ընդդիմադիր պատգամավորները մինչև հանձնաժողովի նիստը գոնե մեկ դրական կարծիք հայտնեին իմ՝ իրենց առաջադրած թեկնածու մասին և գոնե մեկ բացասական կարծիք՝ իշխանության առաջադրած թեկնածուի մասին», - նշել է նա։
Էդգար Ղազարյանի մեկնաբանմամբ, ընդդիմադիր գործիչները ոչ թե պետք է մեկը մյուսի ձեռնարկած քայլերի դեռևս չտված արդյունքներով ուրախանան, այլ հակառակը՝ հասկանան ինչ չափով կարող են միմյանց օգտակար լինել։
«Ընդդիմադիր գործիչները ոչ թե պետք է չարախնդան, որ, օրինակ, նախորդ տարի՝ Փաշինյանին հրաժարական պարտադրելու իմ նախաձեռնությունը չիրականացավ, այլ անհանգստանան Փաշինյանի՝ իշխանություն պահելու հաջողությամբ», - ասել է Ղազարյանը։