21/04/2023 12:21
Որոշել ենք, որ Հայաստանում պետք է լինի 8 պետական բուհ․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը հաստատեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու որոշումը և հիմնադրամի կանոնադրությունը:
«Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի համաձայն նախատեսված է, որ պետք է ձևավորվի Ակադեմիական քաղաք, որը կհանդիսանա որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայր։
Նախատեսվում է, որ Ակադեմիական քաղաքը բաղկացած կլինի երեք կլաստերից, որտեղ տեղակայված կլինեն, համապատասխանաբար, արվեստների ուղղության համալսարանը, տեխնոլոգիական ուղղվածության համալսարանը, իսկ երրորդ կլաստերը, որը բավական մեծ է, կարող է ընդգրկել ինչպես կրթական, սպայական ուղղվածության բուհեր, այնպես էլ հյուրընկալել միջպետական ու մասնավոր բուհեր։ Այստեղ համապատասխան քաղաքաշինական լուծումների պարագայում կարող է քննարկվել նաև ազգային ստադիոնի տեղակայման հարցը։ Նման մեծածավալ ծրագրի իրականացումը պահանջում է իրականացնող կառույցի առկայություն, որը ներգրավված կլինի ծրագրի իրականացման ամբողջ շրջափուլում՝ նախապատրաստումից մինչև բուն իրականացման գործընթաց, այնուհետև նաև ակադեմիական քաղաքի կառավարում», - հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մենք բաց առաջարկով, խնդրանքով, հորդորով կդիմենք մեր բուհական, ակադեմիական շրջանակներին՝ արձանագրելով հետևյալը՝ մենք որոշել ենք, որ Հայաստանում պետք է լինի 8 բուհ, այդ բուհերի ֆինանսավորումն ամբողջությամբ պետական կլինի, բայց, եթե կպարզվի, որ այլ աղբյուրներ էլ կան, որ հավելյալ կֆինանսավորեն, շատ ավելի լավ։ Բայց մեր նպատակն այն է, որ այդ 8 բուհերը իրենց լիարժեք գործունեությունն ապահովելու համար որևէ կողմնակի տեղ նայելու անհրաժեշտություն չունենան։ Մենք որոշ ժամանակ քննարկումներ կիրականացնենք բուհերի հետ», - ասաց Փաշինյանը։