21/04/2023 10:23
«Գրանդ Տոբակոն» ազատվեց մաքսատուրքից. ընկերությունը 176․3 մլրդ դրամի ներդրում կիրականացնի, կստեղծվի 150 նոր աշխատատեղ՝ մինչև 476 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով
Գործադիր մարմնի այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում որոշվեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ազատել մաքսատուրքից։
«Որոշման նախագծի մշակումը պայմանավորված է «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու անհրաժեշտությամբ։
«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ ք․ Երևանում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 176․3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 150 նոր աշխատատեղ՝ մինչև 476 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 175 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8․6 մլրդ դրամ», - նշված է հիմնավորման մեջ։