21/04/2023 15:26
«Հենց Հայաստանում ենք սկսում մեր մարաթոնը». Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համերգին մնացել են հաշված օրեր
Ապրիլի 29-ին` ժ. 19։00-ին, Մարզահամերգային համալիրում կկայանա Դիմաշ Կուդայբերգենի մենահամերգը՝ «Stranger» համաշխարհային շրջագայության շրջանակում:
Վեց տարեկանից բեմ բարձրացած Դիմաշը ծնունդով Ղազախստանից է:
«Ղազախական հողը շատ բեղմնավոր ու ստեղծագործ է, և այս հողի վրա ծնվում են բազմաթիվ տաղանդավոր մարդիկ, որոնք հետագայում աշխարհում մեծ բարձունքներ են նվաճում ինչպես երաժշտության, այնպես էլ սպորտի, ստեղծագործական եւ այլ ոլորտներում», - նշում է արտիստը:
Ղազախ երգիչն ամենահազվագյուտ վոկալային դիապազոնի տերն է՝ 6 օկտավա։
Խոսելով մասնագիտական հաջողություններից` նա նշում է. «Պետք է անընդհատ զարգանալ, ինչ-որ նոր բան սովորել եւ այդ ժամանակ ինչ-որ բարձունքների կհասնես: Առանց քրտնաջան աշխատանքի չես կարող լինել այնպիսին, ինչպիսին դարձել ես: Միայն տաղանդի վրա հույս դնելով՝ չես կարող հեռու գնալ»:
Արտիստի երգացանկը ներառում է յոթ լեզուներով ստեղծագործություններ՝ ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն եւ չինարեն: «Առնաու» շրջագայությունից հետո «Stranger»-ը արդեն նրա երկրորդ լայնածավալ նախագիծն է: Ղազախստանում կայանալիք պրեմիերայից հետո Հայաստանը որպես հաջորդ երկիր է ընտրվել ընթացիկ հյուրախաղերի համար:
«Հայաստանը արագ զարգացող երկիր է՝ մեծ պատմությամբ և շատ գեղեցիկ պատմական վայրերով: Եվ հենց այս երկրում մենք կցանկանայինք շոու կազմակերպել և մարդկանց ցույց տալ մեր աշխատանքը։ Ցանկում ունենք մեծ թվով երկրներ և քաղաքներ, բայց հենց Հայաստանում ենք սկսում մեր մարաթոնը։ Եվ մենք ուրախ կլինենք գեղեցիկ շոու ցուցադրել այս տարածաշրջանում», - ասում է Դիմաշ Կուդայբերգենը։