21/04/2023 19:38
Ագրեսիան դեվիանտ վարքագծի ամենացայտուն դրսևորումներից մեկն է, որը բնորոշ չէ կենդանիներին, բնորոշ է մարդկանց․ Աննա Վարդապետյան
ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում մանրամասնել է, թե ինչ է ասել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ դատախազության 2022 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացնելիս։
Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է․
«Մարդու դեմ ուղղված բռնի հանցագործությունների աճը հասարակությունում ուղիղ համեմատական է ագրեսիայի մակարդակի աճին: Ավստրիացի գիտնական Կոնրադ Լորենցի հետազոտություններին հղում անելով՝ այս մասին է այսօր հայտարարել հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացնելիս:
Ըստ Աննա Վարդապետյանի՝ ագրեսիան ձևավորվում է ատելության խոսքից և դրա ծայրահեղ դրսևորումը մարդու կողմից մեկ այլ մարդու դեմ բռնի հանցագործության կատարումն է:
«Տարիներ առաջ մշակել և դասավանդում էի մի դասընթաց, որ կոչվում էր «Կախյալ վարքագծի հիմնախնդիրներ»: Սկսեցի զբաղվել դեվիանտ վարքագծի (սոցիալական նորմերին և կանոններին հակասող վարքային մոդելների ամբողջություն) հարցերով: Ագրեսիան դեվիանտ վարքագծի ամենացայտուն դրսևորումներից մեկն է, որը բնորոշ չէ կենդանիներին: Այն բնորոշ է մարդկանց, և, այո՛, մարդու դեմ ուղղված բռնի հանցագործություններ ագրեսիայի դրսևորում են»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը՝ այս համատեքստում մտահոգիչ համարելով ընտանեկան բռնության դեպքերը, խանդի հողի վրա կատարված մահվան ելքով հանցագործությունները:
Գլխավոր դատախազն առաջարկել է պատգամավորական մանդատի շրջանակում փորձել լուծումներ գտնել հասարակության անդամների վարքագծում ատելության խոսքը և ագրեսիան նվազեցնելու ուղղությամբ: «Եթե մենք այն չնվազեցնենք խոսույթի մակարդակում, ցավոք, այն շարունակելու է աճել առօրյա վարքագծում՝ վերաճելով հանցավորության: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ կառաջարկեի նաև մտածել այն խոսույթի և բառապաշարի մասին, որը հնչում է թիվ մեկ քաղաքական ամբիոնից, որովհետև այն մեր քաղաքացիների համար հետագայում դառնում է վարքագծային մոդել»,- նշել է Աննա Վարդապետյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ է աճել թմրամիջոցների շրջանառությունը՝ հանրապետության գլխավոր դատախազն այն կրկին կապել է ագրեսիայի հետ: «Ագրեսիան մարդու մոտ ձևավորում է փախուստի ցանկություն: Երբ մարդն այլևս չի կարողանում տանել այն ագրեսիան, որը շրջապատում է իրեն ամեն վայրկյան, նա ենթագիտակցաբար սկսում է փնտրել «ապահով» տեղ: «Ապահով» տեղը դառնում են ալկոհոլը, թմրամիջոցները, մոլեխաղերն ու ցանցային խաղերը: Եվ, եթե չի գտնում այդ «ապահով» տեղը իրական կյանքում, նա փնտրում և գտնում է այն վիրտուալ աշխարհում և տարբեր տեսակի հոգեխթանիչ, հոգեներգործուն նյութերում»,- պարզաբանել է Աննա Վարդապետյանը:
Անդրադառնով կաշառք տալու և ստանալու արատավոր երևույթին՝ գլխավոր դատախազն ընդգծել է. «Աստվածաշնչյան ճշմարտություն կա. կաշառք վերցնողը դառնում է կաշառք տվողի «ստրուկը»: Մենք չպետք է խրախուսենք ստրկությունը, այն պետք է լինի պարսավելի երևույթ»: