21/04/2023 11:23
Ընդդիմությունն ու ՔՊ-ն համաձայնության եկան. երեկվա միջադեպի պատճառով ելույթներց զրկված պատգամավորներն այսօր ելույթ կունենան
Շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ նիստը. «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վարման կարգով հանդես եկավ:
«Երեկվա միջադեպի պատճառով «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախապատրաստած ելույթներն ընդհատվեցին, առաջարկում ենք վերականգնել, որ պատգամավորները հնարավորություն ունենան խոսելու», - նշեց նա:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար առաջարկն ընդունելի էր. որոշվեց թույլատրել պատգամավորներին ելույթներ ունենալ:
Սիմոնյանը խնդրեց զերծ մնալ վիրավորանքներից ու հնարավոր սադրանքներից:
«Ես կարծում եմ՝ մեր հայրենակիցները, ովքեր ձեզ ընտրել են, մեզ ընտրել են, չպետք է ականատես լինեն, թե ինչպես են ընդդիմության պատգամավորները գալիս քողարկված վիրավորանքներ ասում, սադրում ու հետագայում զոհի կարգավիճակով ներկայանում մամուլի առաջ: Եթե մենք կարողանում ենք ապահովել բովանդակային քննարկում, ես կարծում եմ, որ կարելի է վերականգնել», - ասաց ԱԺ նախագահը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ասաց, թե կողմ է, որ վերականգնվի ընդդիմադիր պատգամավորների ելույթների հնարավորությունը:
«Առաջարկում եմ, որ մեր խմբակցության պատգամավորները, ովքեր երեկ հանել էին իրենց ելույթները, իրենց ելույթների հնարավորությունը ևս վերականգնվի», - նշեց նա:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ ասաց, թե իրենց խմբակցությունը երեկ ունեցել է միայն քաղաքական ելույթներ, ավելին՝ հստակ գնահատականներ են հնչեցրել:
«Մեր նպատակը խաթարելը չէ, հակառակը՝ օբյեկտիվ գնահատական տալն է: Երեկ այս ամբիոնից անպարկեշտ գնահատականներ են հնչել ՀՅԴ-ի հասցեին, այս ամեն ինչին պատրաստվում ենք հակադարձել», - նշեց Մինասյանը: