21/04/2023 14:51
«Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ, ճանաչում է որպես ի՞նչ». Ռուբինյանը վստահ է՝ ընդդիմությունը չի կարող այս հարցին պատասխանել
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, թե Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ Հայաստանն ասել է, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը սահմանափակված է Ադրբեջանի ցանկությամբ:
Ռուբինյանը, դիմելով ընդդիմությանը, հետաքրքրվեց՝ երբ իշխանության էին, ինչո՞ւ չէին ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, թե խորհրդարանական մեծամասնությունը չի ասում Արցախի Հանրապետություն՝ Ռուբինյանն ասաց. «Ուզում եմ հասկանալ՝ երբ դուք իշխանության էիք, ինչո՞ւ չեք ճանաչել Արցախի Հանրապետությունը»:
Պատասխանելով «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանի հայտարարությանը, որ ինքնորոշման իրավունքը չի կարող սահմանափակվել՝ ԱԺ փոխնախագահն առաջարկեց ժամանակագրորեն հետ գնալ:
«1991 թվականին ԼՂ-ում տեղի է ունենում հանրաքվե: Հանրաքվեի արդյունքում ԼՂ ժողովուրդը կողմ է քվեարկում, որ ԼՂ-ն հռչակվի անկախ հանրապետություն: Կարո՞ղ ենք դա համարել ինքնորոշման ակտ. այո: Հարց՝ ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչել ԼՂ ինքնորոշման ակտը: Փաստացի մինչև օրս որևէ իշխանության օրոք ՀՀ-ն չի ճանաչել ԼՂ-ն որպես անկախ հանրապետություն: Խնդիրն այն է, որ մենք մեր իսկ տերմինաբանության մեջ շիլաշփոթ ենք սարքել: Օրինակ՝ մարդը կարող է գալ ու այս ամբիոնի մոտ ասել՝ Արցախի Հանրապետություն, բայց իրեն ներկայացրած ուժի մտքով չի անցել կամ գուցե անցել է, բայց, համենայնդեպես, չի արել, ներկայացրել նախագիծ ԼՂ անկախությունը ճանաչելու մասին», - ասաց Ռուբինյանը:
Հետո ՀՀ-ն, ըստ ԱԺ փոխնախագահի, Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ ասել է՝ նոր ինքնորոշման համար նոր ակտ է պետք, բայց, որպեսզի դա տեղի ունենա, պետք է Ադրբեջանը նաև համաձայնվի ժամկետի շուրջ:
«Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ Հայաստանն ասել է՝ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը սահմանափակված է Ադրբեջանի ցանկությամբ», - նշեց նա:
Անդրադառնալով ընդդիմադիրների՝ իշխանությանը դավաճանության մեջ մեղադրելուն ու հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը հետամուտ չի լինում ԼՂ ինքնորոշման իրավունքին՝ նա ասաց. «Սիրելի՛ Դաշնակցություն, երբ դուք խորհրդարանական կոալիցիայի մեջ եք եղել, ինչո՞ւ հետամուտ չեք եղել և չեք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:
Ռուբինյանը նշեց, թե հարց է տալիս ընդդիմությանը, որին չեն կարողանալու պատասխանել. «Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ, ճանաչում է որպես ի՞նչ»: