21/04/2023 11:07
Ծանրամարտի առաջնության կազմակերպման համար հատկացվեց ևս 33 մլն դրամ․ նոր ծառայությունների կարիք կա
Կառավարության ապրիլի 21-ի նիստին վերաբաշխում կատարվեց կառավարության պահուստային ֆոնդից։ 33 մլն 716 հազար դրամը հատկացվեց ԿԳՄՍ նախարարությանը Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության պատշաճ ձևով կազմակերպման և անցկացման համար:
Երևանում ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթի հաղթող է ճանաչվել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն՝ 1,16 մլրդ դրամ գնային առաջարկով: Այդ ՍՊԸ-ի հետ 1,16 մլրդ դրամ ընդհանուր գումարով կնքվել է պայմանագիր:
Սակայն առաջնության կազմակերպման գործընթացի շրջանակում առաջացել է նոր ծառայությունների անհրաժեշտություն, մասնավորապես «Կիլիկիա» մարզադահլիճի մասնակի բրենդավորում (մարզումային դահլիճի ֆասադի ճակատային մասի, մուտքի դռների և ներսի բրենդավորում), բրենդային այլ պարագաների պատրաստում, այդ թվում՝ բրենդային պայուսակների պատրաստում (750 հատ), բրենդային ջրաման (750 հատ), բրենդային նոթատետր (750 հատ), բրենդային գրիչ (750 հատ), կրծքանշան (58 մմ 375 հատ, 44 մմ 375 հատ, 30 մմ 40 հատ):
Վերը նշված ծառայությունների համար կպահանջվի ևս 33 մլն 716 հազար դրամ գումար: