21/04/2023 16:51
Հայաստանի և Լիտվայի միջև ստորագրվել Է փոխըմբռնման հուշագիր՝ տեխնոլոգիաների և նորարարությունների բնագավառում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում ապրիլի 18-20-ն աշխատանքային այցով գտնվել է Լիտվայի Հանրապետությունում։
Այցի շրջանակում նախարար Խաչատրյանն ապրիլի 19-ին Վիլնյուսում մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին։
Համաժողովի պաշտոնական բացման արարողությանը նախարարը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.
«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կարևորում է Լիտվայի հետ համագործակցությունը և մեր երկրների միջև գործակցության ամրապնդումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և թվայնացման ոլորտում՝ հաշվի առնելով, որ Լիտվան աշխարհի առաջատար երկրներից մեկն է թվայնացման, էլեկտրոնային կառավարման և նորարարություն ոլորտներում։
Տեղեկատվական տեխնոլոգիաները մենք դիտարկում ենք որպես Լիտվայի հետ համագործակցության հեռանկարային ոլորտ։
Նշեմ նաև, որ ՀՀ կառավարությունը շարունակաբար ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ դրական բիզնես միջավայր ապահովելու համար, որպեսզի գործարարները, ձեռնարկատերերը և ներդրողները բարենպաստ պայմաններ ունենան Հայաստանում աշխատելու և ստեղծագործելու համար։
Այս ֆորումի կազմակերպման փաստը, փոխըմբռնման հուշագրի ստորագրումը Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության ևս մեկ ապացույց է»։
Հաջորդիվ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Լիտվայի Հանրապետության էկոնոմիկայի և նորարարությունների նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ տեխնոլոգիաների և նորարարությունների բնագավառում համագործակցության վերաբերյալ։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և Լիտվայի Հանրապետության էկոնոմիկայի և նորարարությունների նախարար Աուշրինե Արմոնայտեն:
Ստորագրված փաստաթղթով կողմերը պարտավորվել են համակողմանի աջակցություն ցուցաբերել երկու պետությունների նորարարական և տեխնոլոգիական կազմակերպությունների համագործակցությանը՝ առաջնահերթ ոլորտներին համապատասխան: Առաջնահերթ ոլորտներ են սահմանվել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, թվային տվյալների քաղաքականությունը, կենսագիտությունը, կենսատնտեսությունը և նոր նյութերի տեխնոլոգիաները:
Փաստաթուղթը կնպաստի համատեղ հետազոտությունների, զարգացման և նորարարական նախագծերի իրականացմանը, համատեղ գիտական և նորարարական հանդիպումների, գիտաժողովների, համաժողովներների, դասընթացների, աշխատաժողովների, ցուցահանդեսների և այլնի կազմակերպմանն ու մասնակցությանը, ինչպես նաև ոլորտային տեղեկատվության փոխանակմանը:
Լիտվայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է Վիլնյուսի Տեխնոպարկ (Vilnius Tech Park), «Teltonika» տեխնոլոգիական ընկերություն, Վիլնյուսի համալսարանի գիտական հաղորդակցության և տեղեկատվական կենտրոն (Vilnius University Scholarly Communication and Information Centre (SCIC)), Լիտվայի ֆիզիկական գիտությունների և տեխնոլոգիայի կենտրոն (Center for Physical Sciences and Technology), BOD group ընկերություն: