22/04/2023 21:22
Ադրբեջանի մեղադրանքներից ու նկրտումներից զգացվում է, որ փորձում են լրացուցիչ առիթներ ստեղծել նոր սադրանքների և ագրեսիաների համար․ Բեգլարյան
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված հատվածում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են իր երեք զինծառայողները՝ հայկական կողմին անհիմն մեղադրելով կանխամտածված սադրանքի մեջ։ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն այդ կապակցությամբ մի քանի դիտողություն է ներկայացրել․
«Քանի որ այդ հատվածը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, անտրամաբանական է ասել, որ դրանք թարմ և միտումնավոր դրված ականներ են։ Ինչպե՞ս կարելի է թարմ ականներ տեղադրել ադրբեջանական տեսահսկման համակարգերի պայմաններում...
Այդ տարածքում մարտեր են եղել և՛ 1990-ականներին, և՛ 2020-ականներին, և հնարավոր չէ ասել, թե ով է ականապատել այդտեղ։ Ավելին, երբ այս տարածքը մեր վերահսկողության տակ էր, մեր հովիվներից մեկն էլ էր պայթել ականի վրա։ Ուստի չեմ բացառում, որ այդ ականները ժամանակին իրենք՝ ադրբեջանցիներն են դրել։
Քանի որ Ադրբեջանը երբեք չի համագործակցել Արցախի և Հայաստանի հետ, չի տրամադրել ականապատ դաշտերի քարտեզներ և միշտ խոչընդոտել է Արցախում միջազգային ականազերծման աշխատանքներին, մենք չենք կարողացել ժամանակին ամբողջությամբ մաքրել շատ տարածքներ, այդ թվում և այդ մեկը։
Ի՞նչ կապ ունի Հայաստանի Հանրապետությունը, եթե այդ վայրը գտնվում է Արցախի տարածքում, և բոլոր ճանապարհները փակված են Ադրբեջանի կողմից, ինչը նշանակում է, որ մի քանի ամիս է, ինչ Հայաստանից ցանկացած մուտք անհնար է։
Ադրբեջանի մեղադրանքներից ու նկրտումներից զգացվում է, որ փորձում են լրացուցիչ առիթներ ստեղծել նոր սադրանքների և ագրեսիաների համար, մինչդեռ արցախյան կողմը պահպանում է հրադադարը և միշտ պատրաստ է քննարկել և լուծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը, այդ թվում՝ շրջափակման վերացումը և երկկողմանի ականազերծումը»,- գրել է Արտակ Բեգլարյանը։