22/04/2023 23:41
Թեպետ բրոնզե մեդալ է, բայց ինձ համար այն ոսկու արժեք ունի. Հռիփսիմե Խուրշուդյան
Հայաստանի ծանրամարտի կանանց ընտրանու անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի համար ԵԱ-ի բրոնզը ոսկու արժեք ունի:
«Իհարկե, այս ամենում զգացմունքային պահ էլ կա, քանի որ նմանատիպ մրցաշարի չէի մասնակցել իմ 24 տարվա կարիերայի ընթացքում: Նման ոգևորված հանդիսական չէի տեսել: Հրման վերջին մոտեցման ժամանակ ներդրեցի իմ ամբողջ ուժերը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ծանրորդուհին:
Խուրշուդյանի խոսքով` ուրախ է իր արդյունքից, հուզված` երկրպագուների աջակցությունից։
« Այս մեդալը շատ բաղձալի էր ինձ համար։Թեպետ բրոնզե մեդալ է, բայց ինձ համար այն ոսկու արժեք ունի: Խոսատացել էի ինքս ինձ, հանդիսականին, որ եթե վերադառնամ, վստահաբար մեդալ կնվաճեմ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա Խուրշուդյանը նշեց, որ առայժմ պետք է մտածի վնասվածքի մասին։
Հիշեցնենք, որ Երևանում անցկացնվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն այսօր նվաճեց ևս մեկ մեդալ:
Կանանց 87 կգ քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը և դարձավ բրոնզե մեդալակիր: Նա վաստակեց նաև բրոնզե երկու փոքր մեդալներ: