22/04/2023 19:31
Հայտնվել ենք այնպիսի աղետալի վիճակում, որ ուզում ենք՝ գոնե նոյեմբերի 9-ի դրույթները պահպանվեն. Էդգար Ղազարյան
Այն իրականությունը, որն ունենք հիմա, անգամ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով սահմանված չէր, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը։
«Հիմա փաստացի չկա Լաչինի միջանցքը, որը գոնե նոյեմբերի 9-ով կար։ Այն, որ ադրբեջանցիները հիմա Տեղ գյուղում են, որևէ փաստաթղթով սահմանվա՞ծ է, կամ որևէ տեղ գրվա՞ծ է, որ պետք է փակվեր Գորիս-Կապան միջպետական նշանակության ճանապարհը»,- նշել է նա։
Էդգար Ղազարյանն ընդգծել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված է, որ տարածաշրջանի տրանսպորտային բոլոր ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն, իսկ բոլորը՝ նշանակում է նաև Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ճանապարհը։
«Բայց դա իրողությու՞ն է հիմա։ Գրված է՝ բռնի տեղահանված մարդիկ պետք է վերադառնան իրենց բնակավայրեր․ այսինքն, պետք է հասկանալ՝ Հադրութի բնակիչները պետք է հնարավորություն ունենան վերադառնալու Հադրութ, մինչդեռ նոյեմբերի 9-ից հետո Բերձորի, Աղավնոյի, Սուսի բնակիչները Հայաստանի իշխանությունների պահանջով դարձան բռնի տեղահանվածներ»,- հավելել է Էդգար Ղազարյանը։
Հասարակական-քաղաքական գործչի գնահատմամբ՝ ՀՀ գործող իշխանության վարած քաղաքականության պատճառով ոչ միայն Արցախից բռնի տեղահանվածները չեն վերադառնում իրենց բնակավայրեր, այլ մի բան էլ՝ պատերազմից հետո իր բնակավայրում խաղաղ ապրող մարդն է դառնում բռնի տեղահանված։
«Իսկ հետո, երբ այդ քաղաքացին, որպես բողոքի արտահայտում, անձրևանոց է շպրտում Փաշինյանի ուղղությամբ՝ այն մարդու, որի պատճառով է դարձել տեղահանված, այդ տեղահանված կնոջն են դատում»,- ընդգծել է Ղազարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում