22/04/2023 22:24
«Գործ ունեմ կիսատ թողած, ընկերոջս վրեժը պետք է լուծեմ»․ Իշխանասարում զոհված 20-ամյա Գուգարքը մարտի 31-ին պետք է զորացրվեր
2022 թվականին սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած ագրեսիայի ժամանակ՝ Իշխանասարի դիրքերը պաշտպանելիս զոհված 20-ամյա Գուգարք Օհանյանը Արմավիրի մարզի Զարթոնք գյուղից էր, ընտանիքի ավագ որդին, իրենից 1 տարով փոքր եղբայր ունի:
Գուգարքը զորակոչվել էր 2021 թվականի մարտի 31-ին, ծառայում էր Սյունիքի մարզի Գորիս համայնքի Զանգեր զորամասում:
Զոհված զինծառայողի ընկերը՝ Գեղամ Հայրապետյանը, 168.am-ի հետ զրույցում ասել է, որ Գուգարքը սպորտով էր զբաղվում և բազմաթիվ հաջողություններ էր հասցրել գրանցել այդ ոլորտում.
«Ընդհանուր մենամարտեր սպորտաձևում Հայաստանի չեմպիոն է եղել…»:
Գուգարքի ընկերը որոշ մանրամասներ է պատմել՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը՝ Իշխանասարի դիրքերում.
«Գուգարքը վիրավորներ էր իջեցրել դիրքից, վերջին վիրավորին իջեցնելու ժամանակ անմիջական հրամանատարի կողմից հրաման էր ստացել՝ վերև չբարձրանալ, բայց, երբ վերջին վիրավորին իջեցրել էր, հասկացել էր, որ վերևում գտնվող հրամանատարն ու մարտական ընկերներից մեկը ուշանում են, նորից բարձրացել էր մարտական դիրք:
Ըստ Սյունիքի մարզի Քննչականի փոխանցած տվյալների՝ կա վարկած, որ, երբ Գուգարքը բարձրացել է վերև, հրամանատարն ու ընկերն արդեն զոհված են եղել, ու ինքը մենակ է մնացել թշնամու դիմաց»:
Զոհված զինծառայողի ընկերը պատմել է, որ դեպքից շուրջ 10 օր անց են գտել նրա մարմինը, իսկ այդ ընթացքում, երբ ամեն տեղ Գուգարքին էին փնտրում, նրա լուսանկարն ակտիվորեն տարածվում էր ադրբեջանական կայքերում.
«Ադրբեջանական լրահոսում լուսանկար էր շրջանառվում, որում երևում էր՝ ПК գնդացիրը ձեռքին, վզի հատվածից վիրավոր ընկած… Մենք, իհարկե, ճանաչել էինք, բայց ընտանիքն անհամբեր սպասում էր: Իրենք էլ էին տեսել այդ լուսանկարը, բայց չէին ուզում հավատալ, որ իրենց որդին զոհվել է: Զոհվելուց շուրջ 10 օր հետո՝ սեպտեմբերի 22-ին, ընկերոջս մարմինը գտան: Հիմա այդ դիրքում թշնամին է կանգնած»:
Գեղամը պատմել է, որ Գուգարքը միշտ է աչքի ընկել իր ընկերասեր տեսակով, բայց դա էլ ավելի շատ երևաց, երբ 44-օրյա պատերազմում զոհվեց նրա մտերիմ ընկերներից՝ Սամադ Սլոյանը, որը կրկին Զարթոնք գյուղից էր.
«Մեր ընդհանուր ընկերներից մեկը՝ ազգությամբ եզդի Սամադ Սլոյանը, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվել էր, ինքը Գուգարքի հետ առանձնահատուկ շփման մեջ էր, ու նրա մահը Գուգարքը շատ ծանր տարավ: Վերջին արձակուրդի ժամանակ հորեղբոր հետ խոսելուց ասել էր՝ հոպար, գործ ունեմ կիսատ թողած, ընկերոջս վրեժը պետք է հանեմ: Սամադի զոհվելուց հետո իր մեջ դա նստած էր, ինքը սպասել էր կռվի…
Գուգարքը վերջին անգամ պապիկի թաղմանն էր արձակուրդ եկել՝ իր զոհվելուց 40 օր առաջ: Հորական պապիկի քառասունքի օրն ինքը զոհվեց, իր քառասունքի օրը մահացավ մյուս պապիկը…»:
Գուգարքն այս տարվա մարտին պետք է զորացրվեր և շարունակեր ուսումը, որ հասներ իր երազանքին.
«Ծառայության մեկնելուց առաջ ընդունվել էր Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի Իրավագիտության ֆակուլտետ, երազում էր զորացրվելուց հետո ուսումը շարունակել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում և դառնալ փաստաբան»:
Գուգարք Օհանյանը հուղարկավորված է իր հայրենի գյուղ Զարթոնքում: