22/04/2023 20:27
«Օր է պատահել՝ բախումները 5-10 անգամ են եղել․ Տվյալ պահին ինժեներական աշխատանք ենք կատարել»․ Մելիքսեթ Պողոսյանը հաստատում է՝ Տեղ համայնքում թշնամու հետ բանակցող հայերը զինված չեն եղել
Սյունիքի նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը հաստատում է՝ Տեղ համայնքում թշնամու հետ վերջին միջադեպի ժամանակ, երբ ունեցանք մարդկային կորուստներ, բանակցող հայերը զինված չեն եղել:
«Որ հանդիպում են, զենքով չեն գնում, վերադասն է գնում, սպաները, հրամանատարությունը: Հեն է՝ պատրաստ գնային, ուրիշ ձեւի կստացվեր էլի… օր է պատահել՝ 10 անգամ հանդիպել են՝ ճշտելու՝ որ կողմով պիտի գնան, ինչ անեն, ինչ ինժեներական աշխատանք պիտի արվի… բախումները միշտ կան։ Օր է պատահել, որ բախումները 5-10 անգամ են եղել: Տվյալ պահին ինժեներական աշխատանք ենք կատարել, վիճաբանությունը գնացել է հանկարծակի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է Մելիքսեթ Պողոսյանը:
Համացանցում տարածված միջադեպի տեսագրության մեջ էլ որոշ փորձագետներ արձանագրել էին, որ չեն տեսնում ադրբեջանցիների հետ հայ բանակցողների զենքը: Aravot.am-ի հարցին՝ նշված միջադեպի ժամանակ ադրբեջանցիները թվով շատ էին, հայերը՝ քիչ, ինչո՞ւ էին մեր կողմից այդքան քիչ, Պողոսյանը պատասխանել է՝ ով որ բանակցելու էր գնացել, նրանից պետք է հարցնել։
«Էդ որ ասում են՝ զենք չկա, զենք թող տան, պաշտպանենք, նման բան էլ չկա: Ամեն ինչ կա. հայրենասեր մարդու համար, կռվողի համար ամեն ինչ կա: Սուտ կռվողներն են նման բաներ տարածում՝ զենք չկա»,- ասել է նա։