22/04/2023 14:30
Մոր պարանոցը կտրած 36-ամյա տղամարդը կալանավորվեց
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 36-ամյա տղամարդու կողմից մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2023 թվականի ապրիլի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, 74-ամյա կինը և վերջինիս 36-ամյա որդին այցելել են Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցում գործող հյուրանոց և համար վարձակալել: Դրանից մեկ ժամ անց՝ վերջիններիս միջև ծագած վիճաբանության ժամանակ, որդին հարվածել է մորը, որից հետո դանակով կտրել է նրա պարանոցը։ Ապա, հյուրանոցի 4-րդ հարկի պատշգամբից նետվելով ներքև՝ նա փորձել է դիմել փախուստի, սակայն վնասվածքներով հայտնաբերվել է հյուրանոցի բակում` դանակը ձեռքին, և վնասազերծվել: Մայրը և որդին տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 36-ամյա տղամարդուն մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով:
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Դատարանի որոշմամբ միջնոդրությունը բավարարվել է և մեղադրյալը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է կատարված հացնագործության ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով», - ասվում է ՔԿ հաղորդագրությունում: