22/04/2023 10:02
«Ժողովուրդ». Գործընթացից անցել է 5 ամիս, սակայն մինչ օրս հանձնաժողովը կոռուպցիայի բացահայտման գործում դեռևս զբաղված է թղթաբանությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ մի շարք պաշտոնյաների դիմումներ է ուղարկել և կոնկրետ հարցադրումներ արել այն մասին, որ անհամապատասխանություն ու անճշտություն կա իրենց կողմից ներկայացված հայտարարագրերում, և իրենց գործունեության հետ կապված պարզաբանումներ է պահանջել:
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականի նոյեմբերի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն դիմում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի նրանց օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը և պարզի, օրինակ, նրանք ունեն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյոք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է մեծ թվով պետական պաշտոնյաների անուններ՝ ՀՀ վարչապետ, փոխվարչապետներ, ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, պատգամավորներ և այսպես շարունակ: Ստացվում է՝ այս գործընթացից անցել է 5 ամիս, սակայն մինչ օրս հանձնաժողովը կոռուպցիայի բացահայտման գործում դեռևս զբաղված է թղթաբանությամբ»։