22/04/2023 10:14
«Ժողովուրդ». «Այդ ձայնագրությունն արվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին Ազգային ժողովում անդրադարձել էր մոտ երկու տարվա վաղեմության մի միջադեպի, երբ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում իր մասնակցությամբ ձայնագրություն էր հրապարակել Սերժ Սարգսյանը: Նա մեղադրել էր «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավորի՝ այս ձայնագրությունը հրապարակելու համար, սակայն անուն չէր նշել:
«Հիշում եք՝ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանն իմ մասնակցությամբ ձայնագրություն հրապարակեց: Ի միջի այլոց, ոչ ոք չանդրադարձավ, թե ով է ձայնագրել դա և ինչպես: Կարո՞ղ է այդ մարդը նախկինում մեր խմբակցության անդամ է եղել, հիմա էլ՝ ուրիշ խմբակցության»: Արդեն դրանից հետո Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում մի հոդված է հրապարակվում, որտեղ տրվում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի անունը:
Երեկ արդեն Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ելույթ ունեցավ և բացահայտեց, թե երբ է արվել այդ ձայնագրությունը՝ վերջ դնելով բոլոր խոսակցություններին: «Ինչպես ասել էր Արմեն Աշոտյանը, այդ ձայնագրությունն արվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ»»։