22/04/2023 14:09
«Մի տրամադրեք Ձեր անձնական և բանկային ռեկվիզիտները, շտապ կապվեք սպասարկող բանկի հետ». Վարդան Արամյանը զգուշացնում է՝ չափից ավելի տարածվել են կիբերհանցագործությունները
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը զգուշացնում է՝ չափից ավելի տարածված են կիբերհանցագործությունները բանկային քարտերի և մոբայլ բանքինգի միջոցով:
«Վերջերս չափից ավելի տարածվել են կիբերհանցագործությունները բանկային քարտերի և մոբայլ բանքինգի հետ կապված։ Առավել տարածվածներից է «Սոցիալական ինժիներությունը» («Social Engineering»): Ի՞նչ է դա նշանակում․
- Կիբեր-հանցագործը սոցցանցերի միջոցով կապվում է պոտենցիալ զոհի հետ և որպեսզի առավել վստահություն ներշնչի, WhatsApp, Viber, Telegram կամ այլ սոցցանցում կեղծ հաշվետիրոջ էջում տեղադրում է որևէ բանկի լոգոն:
- Զանգահարելով զոհին՝ ներկայանում է որպես տվյալ բանկի աշխատակից, հաճախ որպես տեղեկատվական անվտանգության աշխատակից։
- Զրույցի ընթացքում աստիճանաբար փորձում է զոհի վստահությունը շահել՝ ասենք, ներկայանալով որպես բանկի ՏՏ անվտանգության աշխատակից, կատարում են տվյալ բանկի տեղեկատվական կայքի, մոբայլ բանքինգի կամ այլ տեղեկատվական համակարգերի թարմացում, կամ ի հայտ է եկել որոշ անվտանգային խնդիրներ և իրեն անհրաժեշտ է տվյալ զոհի բանկային և նույնականացման այլ տվյալներ (անուն-ազգանուն, մոբայլ բանքինգի մուտքանուն, գաղտնաբառ, և այլն)։
- Ստանալով անհրաժեշտ ռեկվիզիտները՝ մուտք են գործում զոհի էլ.հաշիվները և գումարները զոհի հաշվից տեղափոխում են կրիպտոպլատֆորմեր, որտեղից էլ փոխանցվում է իրենց անձնական հաշիվներին։
Նմանատիպ դեպքերում՝
- Պահանջեք, որ Ձեզ զանգահարողը բացի տեսախցիկը և կատարեք սքրինշոթեր (չնայած, սովորաբար, կիբեր-հանցագործը հրաժարվում է իր դեմքը ցույց տալուց, և դա պետք է լինի Ձեր առաջին ազդակը)։
- Մի տրամադրեք Ձեր անձնական և բանկային ռեկվիզիտները, եթե ինչ-որ բան ասել եք և նա շարունակում է հարցեր տալ, անմիջապես դադարեցրեք խոսակցությունը։
- Շտապ կապվեք Ձեզ սպասարկող բանկի հետ` բացառապես բանկի կողմից տրամադրած հեռախոսահամարներով։
- Եթե ինչ-որ բան հասցրել եք հայտնել, խնդրեք բանկին, որ բլոկավորեն ձեր բոլոր հաշիվները և անհապաղ փոխեք Ձեր ի-բանքինգի մուտքի գաղտնաբառը։
Եվս մեկ հորդոր՝ Ձեր բանկային գաղտնաբառերն ընտրելիս աշխատեք չդնել ձեր անվան, երեխաների կամ այլ փոխկապակցված պարզ բառեր կամ նույն ծննդյան ամսաթվեր, օգտագործեք առնվազն 8 և ավելի նիշ, որտեղ պարտադիր պետք է լինեն մեծատառեր, թվեր և նշան (Symbols)»,- Facebook-ում գրել է Արամյանը: