22/04/2023 11:20
«Պողոս առաքյալի համապատասխան տողի փաշինյանական մեկնաբանությունը հարցեր է առաջացնում. շարունակենք աղոթել ՀՀ վարչապետի համար». Տեր Զարեհ Աշուրյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աղմկոտ հայտարարությանը
Տեր Զարեհ Աշուրյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը: Փաշինյանը, հիշեցնենք, երեկ ասել էր. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն՝ եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»:
Արձագանքելով Փաշինյանին՝ Տեր Զարեհ Աշուրյանը Facebook-ում գրել է. ««Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ…» (Ղուկաս 19:22) կամ՝ ինչո՞ւ պետք է դպրոցներում դասավանդվի Հայ Եկեղեցու պատմություն առարկան։
Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ նաև Հայ Եկեղեցու հետ իշխանությունների լարվածությանը՝ ի մասնավորի նկատելով.
«Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն՝ եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծու հետ: Պողոս առաքյալից մի մեջբերում անեմ, ասում է՝ չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, ով հակառակվում է իշխանությանը, Աստծուն է հակառակվում, թող եկեղեցին իր հավատի, իր էության մասին մտածի», - եզրափակեց վարչապետը:
Պողոս առաքյալի համապատասխան տողի փաշինյանական մեկնաբանությունը հարցեր է առաջացնում: Մասնավորապես, եթե «չկա իշխանություն, որ Աստծուց չլինի», ապա այդ դեպքում՝
1. ինչո՞ւ Դուք գլխավորեցիք հանրապետության երրորդ նախագահին իշխանազրկելու նախաձեռնությունը և «մերժեցիք Սերժին»,
2. ի՞նչ հիմքով եք դատում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին,
3. Եվ վերջապես ինչո՞ւ եք անտեսում հոգևոր իշխանությունը, Հայոց Եկեղեցին:
Եթե անկախ Հայաստանի «ամենահոգևոր» և «ամենահավատացյալ» վարչապետն իրոք հավատում է, որ «չկա իշխանություն, որ Աստծուց չլինի», ուրեմն Փաշինյանն ինքն «Աստծուն է հակառակվում»՝ ի դեմս երկու նախագահների: Երրորդ կետի՝ հոգևոր իշխանության մասով մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին:
Ինչ վերաբերում է սաղմոսերգու և պողոսագետ վարչապետի մյուս հայտարարությանը, թե՝ «թող եկեղեցին իր հավատի, իր էության մասին մտածի», ապա նշենք, որ եկեղեցին, այս դեպքում Հայոց Եկեղեցին, քանի որ ենթադրում ենք նա իր կոչը Հայոց Եկեղեցուն է ուղղել, իր հավատի մասին մտածել է Դ-Ե դարերում արդեն, որին կարող է ծանոթանալ երեք տիեզերաժողովների կանոնների միջոցով: Իսկ «եկեղեցու էությունը» Պողոս առաքյալը դեռևս առաջին դարում է սահմանել՝ եկեղեցին համեմատելով Քրիստոսի մարմնի հետ (տե՛ս Եփես. 5.29–30, Կող. 1.18, Ա Կորնթ. 12.13): Հայոց Եկեղեցու հավատքը ենթակա չէ վերատեսության, ինչպես նաև եկեղեցու մասին Պողոս առաքյալի բնորոշումը: Փաշինյանը հավանաբար մոռացել է, որ
ԵԿԵՂԵՑԻ բառը հուն. εκκλησια – էկլեսիա (էքլիսիա) – հավատացյալների ժողով բառից է ծագում, և այն որևէ ձևով նույնական չէ հոգևոր դասի հետ: Այլ խոսքով՝ Քրիստոսի անունով հավաքված ժողովուրդն է եկեղեցին: Ստացվում է, որ հավատացյալ ժողովո՞ւրդը պիտի մտածի իր հավատի և էության մասին: Կարծես թե այդքան էլ լավ չի ստացվում, բայց անցնենք առաջ:
Գալով Պողոս առաքյալի խոսքին, թե՝ «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հպատակվի նրան. քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի և եղած իշխանությունները Աստծուց են կարգված…» (Հռոմ. 13.1), ապա պետք է նկատել, որ խոսքը միայն աշխարհիկ իշխանությանը չի վերաբերում, այլ իշխանությանն առհասարակ: Եվ ավելին: Հրեական մտածողության մեջ իշխանությունը՝ մյուսների մասին հոգ տանելու կարողությունն է, որն անմիջական կախման մեջ է գտնվում Աստծու կամքից: Ըստ այնմ՝ բոլոր նրանք, որ իշխանություն ունեն՝ թագավոր, քահանա, դպիր, պետք է Աստծու անունից գործեն՝ իրենց ղեկավարմամբ տեսանելի դարձնելով դա:
Ամփոփենք, եթե Պողոս առաքյալի փաշինյանական մեկնաբանությանը հետևենք, ապա կստացվի, որ Եգիպտոսից փախչող իսրայելացիները պետք է հնազանդվեին փարավոնին և առնվազն կոտորվեին, որ Հիսուսին խաչողները աստվածային իշխանությամբ են առաջնորդվել, որ գաղութատիրությունն ու ստրկավաճառությունն աստվածային օրհնություններ էին, որ ֆաշիզմի դեմ պայքարը պարզապես հակառակություն էր Աստծուն և, վերջապես, որ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ոչ ավել ոչ պակաս Աստծու կամքն էր: Բոլոր հիշյալ իրադարձություններն ու երևույթներն էլ գործ ունեն իշխանության հետ:
Այսպիսով՝ շարունակենք աղոթել ՀՀ վարչապետ տիար Փաշինյանի համար»: