Ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը առաջին տեղում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը կայացած առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Ընդհանուր առմամբ՝ հավաքականները միասին վերցրած նվաճեցին 13 մեդալ:
Երևանում ընթացող առաջնությունում Հայաստանի կանանց ընտրանու անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճեց ԵԱ-ի արծաթե մեդալը, իսկ 16-ամյա Էմմա Պողոսյանը 5-րդն էր: Աննա Ամրոյանը 81 կգ քաշի B ենթախմբում 6-րդն էր, իսկ Լիանա Գյուրջյանը A ենթախմբում 10-րդն էր: 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանն էլ նվաճեց այս առաջնության բրոնզե մեդալը: Իսկ գերծանր քաշային Ջուլիետա Ավանեսյանը Եվրոպայի առաջնությունում 9-րդն էր:
Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ: 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը: 96 կգ քաշային կարգում ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ ԵԱ-ի ոսկե, Արա Աղանյանը` արծաթե մեդալակիր: 102 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Գարիկ Կարապետյանը: 109 կգ քաշում ծանրորդ Սամվել Գասպարյանը նվաճեց Եվրոպայի կրկնակի չեմպիոնի կոչումը, իսկ Պետրոս Պետրոսյանը` բրոնզե մեդալ: Վարազդատ Լալայանը 109+ կգ քաշային կարգի երկամարտի 462 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ 440 կգ արդյունքով՝ բրոնզե մեդալակիր:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: