23/04/2023 09:17
Հայտնաբերվել է ժամկետանց դեղորայք․ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել հոգեբուժական հաստատություն
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները ապրիլի 20-ին չհայտարարված այց են իրականացրել «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են հաստատությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը:
Այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ, և վերջիններիս համար աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:
«Հարկ է ընդգծել, որ նախորդ այցի համեմատ հոգեբուժական հաստատությունում արձանագրվել են դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ կառուցվել և վերանորոգվել են սանհանգույցներ, բարելավվել է բժշկական փաստաթղթերի վարման պրակտիկան:
Միևնույն ժամանակ, այցի արդյունքում արձանագրվել են հետևյալ խնդիրները.
․հաստատությունը գերբնակեցված է, պահպանված չէ բուժառուների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, սենյակներում առկա են իրար կիպ կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ,
․հաստատությունն ունի վերանորոգման կարիք, սենյակների պայմաններն անբավարար են, անկողնային պարագաները հնամաշ են, առկա է կողապահարանների և պահարանների պակաս կամ բացակայություն,
․հայտնաբերվել է ժամկետանց դեղորայք,
․արձանագրվել են զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ, օրինակ՝ հիվանդության պատմագրում չի հիմնավորվել զսպման միջոցի կիրառման անհրաժեշտությունը,
․բուժառուները հիմնականում կրել են հնամաշ հագուստ,
․արձանագրվել են հագուստի անհատականացմանն առնչվող խնդիրներ. չանհատականացվող հագուստը լվացվելուց հետո բուժառուներին բաժանվել է պատահականության սկզբունքով,
․արձանագրվել են բուժառուների լոգանքի կազմակերպման հետ կապված խնդիրներ,
․առկա է բուժառուներին զբաղվածությամբ ապահովելու անհրաժեշտություն,
․առկա է հաստատության բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտություն,
․առկա են բուժառուների հոգեբանական աջակցության տրամադրման հետ կապված խնդիրներ,
․հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են,
․հաստատության միակ տաքսաֆոնից հնարավոր չի եղել զանգահարել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և այլ իրավասու պետական մարմինների թեժ գծի հեռախոսահամարներին և այլն:
Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ:
Խնդիրները կամփոփվեն և դրանք արտացոլող փաստաթուղթն՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:
Կարևոր է նկատի ունենալ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի, աշխատանքային և սոցիալական երաշխիքների ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այդ համատեքստում կարևոր է նաև, որպեսզի հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, շարունակաբար բարելավվեն», - նշվում է հաղորդագրությունում: