24/04/2023 19:47
Աշխարհը երկու խոշոր բլոկերի բաժանման վտանգի առաջ է կանգնած․ Բորել
Եվրոպան պետք է փորձի կանխել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև դիմակայությունը, այլապես այն կվերաճի հակամարտության, Le Monde պարբերականին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Համաշխարհային համակարգը մասնատման, երկու խոշոր բլոկերի բաժանվելու վտանգի առաջ է կանգնած, մեկը՝ ԱՄՆ-ի, մյուսը՝ Չինաստանի շուրջ, ինչը կհանգեցնի երկու տարբեր տեխնոլոգիական էկոհամակարգերի ստեղծմանը՝ այդ իրավիճակը հակամարտության վերածվելու պոտենցիալ վտանգով։ Եվրոպայի դերն այդ առճակատումը կանխելն է»,- ընդգծել է Բորելը։
Նրա խոսքով՝ անկախ Չինաստանի նկատմամբ իրենց վերաբերմունքից, այդ երկիրը վճռորոշ դերակատարում ունի գլոբալ հարցերում։ Բացի այդ, Չինաստանը Եվրամիության տնտեսական մրցակիցն է․ «․․․ շատ կարևոր խնդիր է նաև տեխնոլոգիական մրցակցությունը, որտեղ Եվրամիությունը կախում ունի Չինաստանից»։ Այս խնդիրը, սակայն, Բորելի խոսքով, առանձին քննարկման թեմա է, որին անդրադարձ կարվի ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում։