24/04/2023 21:13
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է ադրբեջանական կողմի հետ»․ ՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքում իրավիճակի մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր ամփոփագրում անդրադարձել է ապրիլի 23-ից Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի վրա ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ խաղաղապահների հրամանատարությունը խնդրի շուրջ բանակցում է ադրբեջանական կողմի հետ։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում.
2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը արգելափակել է շարժը Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի համար 1 դիտակետի տարածքում (Հակարի գետի կամուրջը)։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Հիշեցնենք՝ նախօրեին ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։