24/04/2023 13:23
Օրվա իշխանությունների գործունեությունը մեկնաբանելն անշնորհակալ գործ է, այս մարդիկ գործում են տրամաբանությունից դուրս. Վանեցյան (Տեսանյութ)
Մեր հայրենիքի արցախյան հատվածում այսօր շուրջ 120 հազար հայորդիներ կանգնած են իրական ցեղասպանության եզրին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Պետք է հասնել նրան, որ միջազգային հանրությունը ճանաչի և դատապարտի ցեղասպանությունը։ Պետք է հզորացնենք մեր հայրենիքը, պետք է ուժեղանանք, ունենանք անվտանգ ու տնտեսապես զարգացած երկիր, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի, որ հնարավոր է հայ ազգին ցեղասպանել կամ հայ ազգի հետ խոսել ուժի սպառնալիքով», - ասաց Վանեցյանը։
Անդրադառնալով հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու իշխանությունների հայտարարությունները՝ Արթուր Վանեցյանն արձագանքեց.
«Օրվա իշխանությունների գործունեությունը մեկնաբանելն անշնորհակալ գործ է, որովհետև մենք հասկացանք, որ այս մարդիկ գործում են տրամաբանությունից դուրս։ Սպասարկում են, ցավոք, ոչ թե հայ ժողովրդի շահը, այլ՝ բոլորինը, բացի Հայաստանի և Արցախի Հանրապետություններից։ 21-րդ դարում ունենալ թշնամիներ, փակ սահմաններ, պատերազմ, նորմալ չէ, բայց մենք պետք է հասկանանք՝ Թուրքիան և Ադրբեջանն արդյոք ուզո՞ւմ են և կարո՞ղ են խաղաղ ապրել մեզ հետ։ Չեմ կարծում, որ նրանց հետ կարող ենք ունենալ նորմալ հարաբերություն, քանի դեռ Հայաստանը հզոր չի և չի կարող ինքն իրեն պաշտպանել, և որ ամենակարևորն է՝ չունի ազգային մտածելակերպ ունեցող իշխանություն»։