24/04/2023 09:29
Այս ամենն ահավոր է և կարծես տեղավորվում է ՀՀ-ի որդեգրած «խաղաղության» և 29,8 հազար քառակուսի կիլոմետրը պահելու չհաջողվող, պարտվողական մարտավարության մեջ․ Աթայան
Ինչպես և սպասելի էր՝ 2022-ի դեկտեմբերի 12-ի Շուշի-Իսայի աղբյուր տեղամասում Արցախը աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակելուց և ինքնահռչակ հանրապետությունն ավելի քան չորս ամիս շրջափակման մեջ պահելուց հետո, ապրիլի 23-ին Հակակիի կամրջի մոտակայքում անօրեն անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը վերջնականապես փակեց նաև Լաչինի միջանցքը։
Սա արդեն փորձ է մեզ վերադարձնելու անցած դարի 90-ական թվականներ, երբ ԼՂԻՄ-ը տոտալ շրջափակման մեջ էր, բայց այն ժամանակ դեռևս ԽՍՀՄ կար, և գործում էր օդային կապ Ստեփանակերտի ու Երևանի միջև։
Այս ամենը կատարվեց Ադրբեջան կոչվող հանցավոր, ցեղասպան պետության կողմից՝ աշխարհում գործող միջազգային օրենքների կոպիտ ոտնահարման, միջազգային կոչվող կաշառված, անտարբեր հանրության թույտվության, ՌԴ-ի, որպես եռակողմ հայտարարության հեղինակի ու Արցախում խաղաղապահ գործունեություն իրականացնող կողմի անգործության ու ՀՀ-ի հանցավոր անտարբերության պայմաններում։
Սրանից վատն Արցախի համար էթնիկ զտումներն ու հերթական ցեղասպանությունն է։
Պահը լուրջ է և այն պահանջում է կոնկրետ լուծումներ: Մասնավորապես՝
.Երկիրը, ժողովրդին նախապատրաստել պարտադրված ԳՈՅԱՄԱՐՏԻ՝ հանուն հետագա լինելիության,
.Բոլոր միջազգային կառույցներից, ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, ՌԴ-ից, որպես Արցախում խաղաղապահ գործունեություն իրականացնող երկրի, ՊԱՀԱՆՋԵԼ վերջ տալ կրկնակի ստանդարտներին,քաղաքական երկերեսանիության դրսևորումներին, նման իրավիճակի ստեղծման համար կատարել կոնկրետ հասցեական դատապարտում և պատժամիջոցների կիրառում ագրեսոր ադրբեջաթուրքական տանդեմի նկատմամբ,
.Կազմակերպել, համակարգել Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության հստակ գործունեությունը նման արտակարգ իրավիճակի պայմաններում,
. անհապաղ գտնել երկրի անվտանգության աստիճանը բարձրացնելու ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հնարավոր աղբյուրները և ռեսուրսները,
.հնարավոր բոլոր ուղիներով, մարդասիրական միջազգային հասանելի խողովակներով փորձել Արցախում այս ընթացքում ապրելու ու գոյատևելու նվազագույն պայմաններ ստեղծել:
Հ.Գ. Այն , որ 2020-ի նոյեմբերի 9/10-ի հայտարարությունը մեր երկրի պատմության մեջ ամենախայտառակ փաստաթղթերից մեկն էր, որը արտացոլեց նաև 44-օրյա ողբերգական պատերազմի արդյունքները՝ դա փաստ է։ Բայց այն, որ մոտ 3 տարի մեթոդիկ կերպով հայի համար ստեղծվում էր հավերժ պարտվածի կերպար, չէր ամրապնդվում երկրի անվտանգության համակարգը, չէր բարձրացվում նրա զինվածության աստիճանը ու դրանով իսկ լրիվ ազատություն էր տրվում թուրքադրբեջանական հայասպան հրեշի՝ սա բոլորովին նոր դրսևորում է ՀՀ-ի՝ պատերազմում պարտված, սակայն զարմանալիորեն վերընտրված իշխանության կողմից։
1915-ին մենք պետություն չունեինք ու ցեղասպանվեցինք: Այսօր ունենք երկու հայկական պետականություն, որոնք բավականին թուլացած են ու այս պայմաններում, երբ աշխարհը խառն է, նենգ թշնամին կրկին փորձում է հայի հետ հարցերը իր հին ու փորձված ձևով լուծել և այդ պայմաններում հայը միայն ծնկաչոք խաղաղություն է մուրում նրանից։
Այս ամենը կարծես տեղավորվում է ՀՀ-ի կողմից վերջերս անընդհատ հնչեցվող խաղաղության և 29,8 հազար քառակուսի կիլոմետրը պահել անհաջող, պարտվողական մարտավարության շրջանակում: