24/04/2023 13:55
«Ազգային ցավը մնում է մեր հավաքական հիշողության մեջ»․ Սերժ Թանկյանը՝ ցեղասպանության ու Ադրբեջանի ագրեսիայի մասին
«Գիտակցումն ու ազգային ցավը մնում է մեր հավաքական հիշողության մեջ։ Այն շարունակ մեզ հիշեցնում է ամուր կապված միասնականության մասին, որը մենք պետք է կիրառենք, որպեսզի հասնենք ազգային բարգավաճման»։ Ամերիկահայ երաժիշտ, SOAD-ի հայտնի անդամ Սերժ Թանկյանն այդ գրառմամբ կիսվել է իր ինստագրամյան էջում՝ հիշեցնելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին։
Թանկյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի հանդեպ շարունակական ագրեսիային։ Նա կիսվել է ապրիլի 23-ին Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցի հետեւանքով հայ զինծառայողի մահվան եւ Արցախում՝ Հակարի գետի կամրջի մոտ ադրբեջանական կողմի անցակետ տեղադրելու լուրերով։
«Ադրբեջանը տեռորիստ պետություն է», - գրել է Թանկյանը՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է կիրառել հայերի հանդեպ իր անօրինական շրջափակումը՝ տեղադրելով անցակետ։