24/04/2023 13:45
Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությունն անընդունելի է. Ռուսաստանի ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում տիրող իրավիճակի հետ։
Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.
«Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև պաշտոնական Բաքվի և Երևանի միջև երկխոսության գործընթացում տիրող իրավիճակով։
Ծայրահեղ մտահոգությամբ ենք արձանագրում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և տարաբնույթ միջադեպերի աճը, որոնք պարբերաբար երկու կողմից բերում են զոհերի։
Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության աճը։ Ապրիլի 23-ի իրադարձությունների վերջին զարգացման համատեքստում մենք հատկապես նշում ենք ցանկացած միակողմանի քայլի անընդունելիությունը, որը խախտում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթները, անկախ նրանից, դա Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությունն է կամ այն խաղաղության օրակարգին չհամապատասխանող օգտագործելու փորձեր։
Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին։ Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ ամեն դեպքում տեղի բնակչությունը չպետք է տուժի և նրանց ապրուստի համար խոչընդոտներ չպետք է ստեղծվեն։
Կարծում ենք, որ ծագած խնդիրներից շատերը արդյունք են երկարամսյա պարապուրդի և բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի հիմնական ուղղություններով, ներառյալ տրանսպորտային ապաշրջափակումը, սահմանազատման գործընթացի մեկնարկը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի ներդաշնակեցումը։
Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը քաղաքական կամք կդրսևորեն և մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական միտումը։
Ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել իրեն մոտ համարող Ադրբեջանին և Հայաստանին, ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ «հողի վրա»՝ ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության մասնակցությամբ։
Մենք նաև զգուշացնում ենք արտաքին արևմտյան խաղացողներին և տեղական ռուսաֆոբ տարրերին, որոնք աշխատում են իրենց պատեհապաշտ օրակարգով, զերծ մնալ իրավիճակը սրելու փորձերից, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ արշավից»: