24/04/2023 09:47
Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումն ու կոչ է անում կատարել միջազգային պարտավորությունները
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի քայլն ու պահանջելով կատարել միջազգային պարտավորությունները․
«Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։
Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կյանքի կոչել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ պահանջվող միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր իրական ուժ ունեն։
Ֆրանսիան պահանջում է վերականգնել բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով, ինչպես նաև՝ վերականգնել բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումները»: