25/04/2023 21:00
Հիպերտոնիկ կրիզի դեպքում զարկերակային ճնշումը պետք է իջեցնել աստիճանաբար. Բժշկի խորհուրդը
Հիպերտոնիկ կրիզը զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումն է, որը դրսևորվում է սովորականից էականորեն բարձր ցուցանիշով:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության բաժնի բժիշկ Ռուզաննա Ալավերդյանը նշում է, որ հիպերտոնիկ կրիզի զարգացման հնարավոր պատճառներ կարող են լինել հակագերճնշումային թերապիայի կտրուկ դադարեցումը, քրոնիկ հիվանդությունների սրացումը, այլ պատճառներով դեղերի անվերահսկելի օգտագործումը, մթնոլորտային ճնշման տատանումներն ու հոգեհուզական լարվածությունը։ Կողմնակի ազդեցություն կարող են ունենալ նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և կերակրի աղի չարաշահումը։
Հիպերտոնիկ կրիզն ուղեկցվում է տարբեր կլինիկական ախտանիշներով, որոնք պահանջում են անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում՝ կանխելու կամ սահմանափակելու կենսական օրգանների ախտահարումը և վնասումը: Հիպերտոնիկ կրիզի ժամանակ վնասման ենթակա թիրախ օրգաններն են՝ սիրտը, գլխուղեղը, երիկամները, անոթները, տեսաղական օրգանը:
Հիպերտոնիկ կրիզի ժամանակ թիրախ օրգանների ախտահարումը դրսևորվում է տարբեր կլինիկական պատկերներով՝
սուր կորոնար համախտանիշ,
գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում,
հիպերտոնիկ էնցեֆալոպաթիա,
սուր ձախ փորոքային անբավարարություն,
աորտայի անևրիզմայի շերտազատում և այլն:
Հիպերտոնիկ կրիզը կլինիկորեն դրսևորվում է կարճ ժամանակում զարկերակային ճնշման կտրուկ բարձրացմամբ, եթե բուժառուի ճնշումը բարձանում է իր համար նորմալ ցուցանիշից բարձր։
Բժշկի խոսքով, հիպերտոնիկ կրիզը բնութագրվում է ուղեղային, սրտային ախտանիշներով՝ գլխապտույտներ, սրտխառնոց, փսխումներ, «աչքերի առջև մթնեցում», երկտեսություն, հևոց, նաև սրտի շրջանում ցավ:
Հիպերտոնիկ կրիզի ժամանակ չպետք է կտրուկ իջեցնել զարկերակային ճնշումը, այլ աստիճանաբար և փուլային: Պետք է իջեցնել ելքային ճնշումը 25 տոկոսով, այնուհետև՝ աստիճանաբար, հակառակ դեպքում զարկերակային ճնշման կտրուկ իջեցումը կարող է հանգեցնել գլխուղեղի սնուցման խանգարման, թերսնուցման և հնարավոր ինսուլտի զարգացման:
Բժիշկը հորդորում է բուժառուներին կանոնավոր հետևել նշանակված հակագերճնշումային բուժման սխեմային, ինքնուրույն չդադարեցնել բուժման ընթացքը, չփոխել դեղամիջոցները, դեղաչափը և վերը նշված ախտանշանների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ դիմել մասնագետի:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։