25/04/2023 12:25
Հայաստանում ազգային անվտանգության լուրջ հարց է առաջացել. դեռահասների շատ լուրջ տոկոս այսօր արդեն թմրամոլ է. Արմեն Խաչատրյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ահազանգում է Հայաստանում թմրամոլության տարածման մասին։
«Մենք երևի նորմալ չենք պատկերացնում, թե ինչ իրավիճակ է այսօր տիրում Հայաստանի Հանրապետությունում: Մենք չենք պատկերացնում, որ դեռահասների շատ լուրջ տոկոս այսօր արդեն թմրամոլ է: Մենք չենք պատկերացնում, որ սինթետիկ թմրամիջոցների՝ երկրորդ, երրորդ օգտագործումից հետո այնպիսի օրգանական փոփոխություններ են կատարվում, որ այլևս մարդկային կյանքի չեն վերադառնում: Մենք չենք պատկերացնում, որ ազգային անվտանգության լուրջ հարց է առաջացել այս երկրում», - Ազգային ժողովում հայտարարեց Խաչատրյանը՝ ընդգծելով՝ բարեփոխումները, ընդունած օրենքները, լուսավոր ապագայի մասին խոսքերն ի չիք են դառնում, եթե թմրամիջոցներն այս ծավալի տարածվում են:
«Մենք չենք պատկերացնում, որ սա կորոնավիրուսից ավելի վտանգավոր և ավելի լուրջ, ավելի հույժ կարևոր խնդիր է», - ասաց նա։
Պատգամավորն առաջարկեց բոլոր պետական մարմիններում, որտեղ կնքվում է աշխատանքային պայմանագիր, անպայման ավելացվի տող, որ աշխատողը տարվա մեջ 1-2 անգամ անցնի թմրաթեստ, և թեստից հրաժարվելն աշխատանքից ազատման հիմք լինի: