25/04/2023 13:03
Փաշինյանի հետ բաց նիստ անցկացնելու՝ Դավիթ Տոնոյանի առաջարկած պայմանների մասին մենք անպայման զրույց կունենանք. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ հայտարարությանը։
«Մեր խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երկու անգամ այցելել է Դավիթ Տոնոյանին։ Քննարկման փուլ անցնում ենք, գուցե, այդ փուլի արդյունքում է, որ պարոն Տոնոյանն արձագանքել է և պայմաններ է առաջարկել։ Այդ պայմանների մասին մենք անպայման զրույց կունենանք», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հայտարարություն էր տարածել՝ բացառելով իր մասնակցությունը ԱԺ ՔՀ աշխատանքներին: Փոխարենը նա առաջարկել էր իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ անցկացնել։
Հարցին, թե չի բացառում արդյոք, որ Փաշինյանի հետ բաց հանդիպում կլինի՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Իմ խնդիրն առաջարկելն է և նայել, օրենսդրությունը թույլ տալիս է նման ձևաչափով աշխատանքը կազմակերպել, թե ոչ։
Մենք խոսել ենք բաց նիստ ունենալու հնարավորության մասին, բայց փակ մասեր անպայման կլինեն, բացն ու փակը հանձնաժողովը կքննարկի»։