25/04/2023 17:50
Բանակը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը ղեկավարվում են տուն պահողներով. մեզ մահապարտներ են պետք այս վիճակից դուրս գալու համար. Աջապահյան
Փոփոխություն, իհարկե, հնարավոր է, բայց ռեալ չէ, որովհետև իմ շուրջը չեմ տեսնում մահապարտների, որ, ստորադասելով ընտանիքի բարօրությունը, անձնվիրաբար կծառայեն հայրենիքին։ Այն դեպքում, երբ երկրի կարևորագույն ինստիտուտները՝ բանակ, ԱԱԾ, ոստիկանություն, ղեկավարվում են տուն պահողներով, ակնկալիքներ չպետք է ունենանք։ Տուն պահելը վատ բան չէ, բայց տուն պահում են խաղաղ պայմաններում, երբ հայրենիքին ոչինչ չի սպառնում, իսկ այսպիսի օրհասական վիճակում տուն պահելը ոչ միայն ճիշտ չէ, այլ նաև բարոյական չէ՝ հատկապես ուսադիրներ ունեցողների համար, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գնահատմամբ՝ մեծագույն հարցերից մեկն է, թե ինչպես խորհրդային տարիների ինտերնացիոնալ սերունդը մահապարտներ տվեց, հաղթանակեց, իսկ ահա անկախության սերունդը չկարողացավ հաղթանակը պահել։
«Երևի, որովհետև մեզ մոտ գերակշռեց տուն պահելու մոլուցքը, հաղթանակած սերունդն էլ, ոչ բոլորն իհարկե, չկարողացավ խաղաղությանը հաղթել. պատերազմը հաղթեցին, բայց խաղաղությանը պարտվեցին։ Ստեղծվեց մի մթնոլորտ, որում ամեն մեկն ուզում էր ստանալ և ոչ տալ, այնինչ, երեք-չորս սերունդ ոչինչ չպիտի սպասեր այս երկրից, այլ միայն տար»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։